«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը գտնում է, որ առանց ռուսական ռազմաբազայի Հայաստանի անվտանգության համակարգը գործունակ չի լինի։

Լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ընդգծել է, որ ռազմաբազայի ներկայությունը շատ կարևոր է անվտանգության համակարգի համար։ Առանց ռազմաբազայի համակարգը չի գործի, հավելել է նա։

Պատասխանելով Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման հեռանկարի վերաբերյալ հարցին՝ Կարապետյանը նշել է, որ որքանով իրեն է հայտնի, Փաշինյանն արդեն իսկ մտահոգված է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարով, իսկ դա արդեն ոչ թե 300 հազար է, այլ միլիոնավոր ադրբեջանցիներ։ «Նա էլ է արդեն մեր կողմից, մեզ կընտրի»,- կատակել է Կարապետյանը։

Քաղաքական գործիչը նշել է, որ Փաշինյանին առհասարակ ջրի երեսին է պահում ռուսական ռազմաբազան, այլապես Ադրբեջանն ու Թուրքիան կարող էին միավորվել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով․ իսկ Փաշինյանն իր հերթին կարող է ռազմաբազայի հետ վարվել ինչպես ՀԱՊԿ-ի հետ՝ հարցը սառեցնելով անորոշ ժամանակով։

«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա։ Առանց ռազմաբազայի անվտանգության համակարգ չի լինի։ Թե՞ ինչ է, հույսներս դնենք զորավար Փաշինյանի վրա, ու կունենանք «խաղաղություն»՝ ինչպես Արցախում»,- հավելել է Կարապետյանը։