Երբ Հարությունը բանակից վերադարձավ, միշտ ասում էր, պատերազմ է լինելու ու ես գնալու եմ, ու հենց առավոտյան լուրը լսելուն պես, տեղից վեր թռավ՝ ես գնում եմ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, Եռաբլուր պանթեոնում NEWS.am—ի հետ զրույցում նշեց 44–օրյա պատերազմում զոհված Հարություն Հարությունյանի մայրը՝ Աննա Ավետիսյանը։

«Ասեցինք, ու՞ր ես գնում այ բալես, հեսա կվերջանա, երևի դիվերսիոն հարձակում է, ասեց՝ չէ, գնաց աշխատանքի, հետո զանգեց, ասեց՝ մամա, բիլետս պատրաստի, գնում եմ։ Եկավ արագ վերցրեց ու վազելով գնաց։ Ասկերան էր գնացել, այնտեղ բարձրացել էին Աղդամի դիրքեր։ Ես որպես զինվորի մայր գիտեի, որ չի կարելի հարցեր տալ։ Ինքն էր զանգում, ասում՝ մամ, այդտեղ ինչ են ասում։

Իր մասին, իր արած գործերի հետո լսել ենք արդեն այնտեղի ծառայող տղաներից, կամավոր տղերքից, որ եկել, մեզ գտել են, պատմել են Հարութիս մասին։ Հարութս այնտեղ, որ գնում է, հանդիպում է մեր բակի տղաներից մեկին՝ Ներսոյին։ Ներսոն զանգում է տուն, ասում է՝ մամ, գիտես, Հարութն է եկել, ինձ թև ու թիկունք է եղել։ Ու նկարներում Ներսոյի հետ է, բոլոր տեղերը ձեռքը ուսին գցած։ Ասել է՝ Ներսո, դու գնա, ես գիտեմ ինչի եմ եկել, դու ժամկետային ես, գնա։ Նույնիսկ իր այդ կասկան է տվել Ներսոյին, բրոնի ժիլետն է տվել, չի թողել, որ կանգնի։ Ներսոն է պատմում։

Հոկտեմբերի 8-ին թնդանոթի մոտ հավաքված են լինում, էլի տղաների պատմելով, ասում են՝ արի Հարութ գնանք ներս, գնանք բլինդաժ, մի հատ թեյ խմենք, դու էլ կերգես։ Ասում է՝ տղերք դուք գնացեք ես հեսա կգամ, տղաները գնում են, ինքը մնում է ու էլ  չի հասցնում գնա, երեկոյան արդեն ԱԹՍ-ն հարվածում է»,– պատմում է մայրը։

Նրա խոսքով, որդին Ջիվանու անվան աշուղական դպրոցում էր սովորում, որից հետո պետք է կոնսերվատորիա դիմեր. «Միշտ երգում էր հայրենասիրական երգեր։ Երազանքները շատ էին՝ ամուսնանար ընտանիք կազմեր։ Ասում էր՝ մամ, դու կպահես իմ երեխեքին, ես ու Արփինեն կաշխատենք։

Միակ երևի հանգիստ տեղը այստեղ է։ Գալիս ենք, մաքրում ենք, սրբում ենք, ես էլի չեմ պատկերացնում, ես սպասում եմ իրեն։ Ուղղակի չպիտի ինչի այսպես լիներ։ Ինչի՞ գանք, սառը քարը մաքրենք, համբուրենք, որ պետք է գնայինք իրենց տուն, իրենց երեխաներին պահեինք։ Չթողեցին, որ վայելեինք մեր երեխեքին»։

Զոհվածի մայրը վիրավորված է կյանքից, իշխանությունից. «Ախր չէ, որ իրենք էլ անկախություն կերտողներ էին, գնացին մի գաղափարի համար՝ հանուն հայրենիքի, իսկ այսօր նայում ենք՝ ինչ եղավ մեր հայրենիքը, ուր է հայրենիքը, մաս–մաս անջատում են, տալիս են։ Այս տղերքի արածը գցեցին ջուրը»։

Անդրադառնալով նրան, որ Անկախության տոնի առիթվ տոնախմբություններ են կազմակերպվում, Աննա Ավետիսյանն ասաց, որ դա վիրավորական է. «Դե մի մասայի համար ուտել-խմելու առիթ լինի։ Էլի թող ուրախանան, դեմ չեմ, բայց ոչ կոնկրետ օրը։ Ոնց որ հատուկ, կոնկրետ էդ օրերն են նշում, նույնիսկ ոչ մի ձևով չհիշատակեցին, որ էդ օրը Արցախը հայաթափվեց, թեկուզ Ջերմուկը։ Ոչ մի ձև պետական մասշտաբով չհիշվեց այդ օրը»։