Հրայրը տնտեսագետ էր մասնագիտությամբ, աշխատում էր «Յունիբանկում», պատերազմի լուրը լսելով ամեն ինչ թողեց և որոշեց որ իր տեղը ռազմաճակատում է՝ 18–20 տարեկան տղաների կողքին, որ իրենք մենակ չմնան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am–ի հետ զրույցում նշեց 44–օրյա պատերազմում զոհված 1990 թվականին ծնված Հրայր Եգանյանի մայրը՝ Շուշանիկ Գասպարյանը։
«Ինքը կամավորագրվել է և մեկնել ռազմաճակատ։ Մինչև պատերազմը իր մոտ մասնագիտական առաջընթաց կար, 2020–ին ամուսնացել էր, իրենից հետո իր որդին ծնվեց՝ 2021–ի ապրիլի 26-ին։
Իրենք գնացել են Արարատ, այնտեղ զորքի կուտակում է եղել, տղաների ասելով՝ ինքը շատ է համառել, որ իրենց անպայման տանեն Արցախ։ Մահապարտ է գրվել՝ գիտակցելով, որ հետ վերադարձը շատ քիչ է հավանական։ Այդտեղ 35 հոգանոց ջոկատով, ինքը եղել է հրամանատարի տեղակալ, մեկնել են Ջաբրայիլ։ Հիմա որ տեսնում եմ, այդ օրերին՝ հոկտեմբերի 15–ին, արդեն Ջաբրայիլը ընկած էր։ Հետագայում իմացանք տղաներից, որոնք հետ էին վերադարձել, այնտեղ, որտեղ իրենց տարել էին, անհասկանալի տեղ է եղել, իրենց մոտ քարտեզ չի եղել, կամ քարտեզները մնացել են Ուրալի մեջ, որը ռմբակոծվել է։ Ամեն դեպքում իրենք գնացել են պաշտպանելու հողը, բայց չեն իմացել այդ հողը որտեղ է գտնվում, շարժման ինչ ուղղություններ կան։
Տեղանքը չիմանալով զանգել է Ջաբրայիլ ծառայած մի տղայի, որից փորձել է ճշտել մոտավորապես ինչ կա տեղանքում, ինքը որտեղ է գտնվում այդ պահին։
Ամսի 19–ին իրենից զանգ չեկավ, ընկերները արդեն գիտեին, որ ինքը այդ վտանգավոր գոտում է։ Իսկ ամսի 20-ին հետաքրքրվեցին, իմացան, արդեն ճանաչեցին, պարզվեց, որ արդեն մեզ մոտ Հերացիում է։ Այդ օրը համարվեց իր երկրային կյանքի վերջին օրը։
Ամսի 18-ի առավոտյան էր զանգել, մենք հարսիկի հետ գնում էինք եկեղեցի։ Անընդհատ հարցնում էր՝ ո՞նց եք, մեր որպիսությունն էր հարցնում, մենք էլ չէինք պատկերացնում, որ ինքը ամենասարսափելի դաժան գոտում է գտնվում։
Մենք ունենք հայրենիքի կորուստ, այսքան զավակների կորուստ, անտարբերությունը, այդ կորուստի օրերին երևի պիտի ուղղակի հիշատակվեն, ոչ թե ինչ-որ փառատոններ ու չգիտեմ ինչեր կազմակերպվեն։ Տգեղ է ուղղակի։ Ոնց որ տանդ կորուստ ունենաս, կողքիդ հարևանը հարսանիք անի։ Դե պիտի անի հարսանիք, կամ այնպես պիտի անի, որ չնկատես»,–ասաց նա։











