Չենդուում հսկա պանդաների բուծման գիտահետազոտական կենտրոնն աշխարհի ամենահայտնի ու ամենաշատ այցելվող վայրերից է։ NEWS.am-ի թղթակիցն այցելել է այս եզակի համալիր՝ սեփական աչքերով տեսնելու, թե Չինաստանում ինչպես են փրկում և պահպանում այս զարմանահրաշ կենդանիներին։
Այսօր այստեղ բնակվում է ավելի քան 200 հսկա պանդա, ինչպես նաև նրանց հմայիչ հարևանները՝ հազվագյուտ կարմիր պանդաները։ Բայց չէ՞ որ ամեն ինչ սկսվել էր 1987 թվականին՝ վայրի բնությունից փրկված ընդամենը 6 առանձնյակով։ Անցած տարիների ընթացքում կենտրոնը վերածվել է այս եզակի բամբուկային արջերի պոպուլյացիայի պահպանման և վերականգնման համաշխարհային գլխավոր հենակետի։
Հասուն հսկա պանդաների մարմնի երկարությունը միջինում հասնում է շուրջ 1,5 մետրի, իսկ քաշը՝ մոտ 100 կիլոգրամի։ Առաջին հայացքից նրանք կարող են ծույլ ու դանդաղաշարժ թվալ, սակայն նրանց «անշտապողականությունը» գոյատևման էվոլյուցիոն մեխանիզմ է։ Բանն այն է, որ նրանց սննդակարգի հիմքը կազմող բամբուկը խիստ ցածր կալորիականություն ունի և դժվար է մարսվում։ Էներգիա խնայելու նպատակով պանդաները ստիպված են օրվա մեծ մասն անցկացնել հանգստի վիճակում։
Հենց էներգախնայողության այս «ռեժիմն» էր երկար ժամանակ խնդիրներ ստեղծում գիտնականների համար՝ պանդաների բազմացման հարցում։ Բնության մեջ էգերը զուգավորմանը պատրաստ են տարեկան ընդամենը 2–3 օր, իսկ էներգիայի ցածր մակարդակի և ֆլեգմատիկ բնավորության պատճառով անազատության մեջ պանդաները չափազանց դժկամորեն են հետաքրքրություն ցուցաբերում բազմացման նկատմամբ։ Չենդուի կենտրոնի մասնագետներից տասնամյակների գիտական հետազոտություններ, էկոլոգիական հատուկ ծրագրերի մշակում և արհեստական բեղմնավորում պահանջվեցին, որպեսզի հաղթահարեն այս խոչընդոտն ու ապահովեն ընտանիքի կայուն համալրումը։
Հսկա պանդաների կողքին ապրում են կարմիր (փոքր) պանդաները՝ չինական անտառների իսկական փափկամազ գանձերը։ Նրանք զգալիորեն փոքր են իրենց հայտնի անվանակիցներից. մարմնի երկարությունն ընդամենը մոտ 50 սանտիմետր է՝ գումարած մոտ 40 սանտիմետրանոց փարթամ պոչը։ Այս կենդանիներն ունեն շատ հուզիչ պաշտպանական ռեակցիա. վտանգ կամ վախ զգալիս նրանք կանգնում են հետևի թաթերին և առջևինները բարձրացնում վեր, որպեսզի տեսողականորեն ավելի մեծ ու սպառնալի թվան հակառակորդի համար։
Օրվա մեծ մասը պանդաները նախընտրում են քնել։ Ուստի, եթե ծրագրում եք այցելել Չենդու, այգի գնալու լավագույն ժամանակահատվածն առավոտյան 07:30-ից 10:00-ն է։ Այդ ժամերին կենդանիներն առավել ակտիվ են. նախաճաշում են թարմ բամբուկով, խաղում և սիրով շփվում միմյանց հետ։
Այս հրաշալի արարածների կյանքով, խաղերով ու անշտապ կենցաղով NEWS.am-ի թղթակիցը հիացել է հատուկ ձեզ համար։
Դիանա Առուշանյան, Չենդու











