Արմավիրի մարզի Վանանդ գյուղի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 7–ին, փակել են ճանապարհը և բողոքում են ասֆալտապատման աշխատանքների դանդաղ ընթացքից։

Բնակիչներից մեկը՝ դիմելով շինարար կազմակերպության ներկայացուցչին, ասաց. «Ես պետությանը իմ հարկը տալիս եմ, ո՞վ պիտի իմ վնասը հատուցի, արդեն 7 ամիս է այս վիճակն է։ Ո՞վ է տեսել, որ 20 կմ քանդեն, հետո նոր սկսեն ասֆալտ անել, էն էլ չանեն։ Ինչի՞ փչացրեցիք ճամփեն։ Ի՞նչն է պատճառը, որ նորմալ գործ չի կատարվում»։

Շինարարական կազմակերպության ներկայացուցչն ասաց, որ պատճառն այն է, որ այս պահին բիտում չի ներմուծվում Հայաստան. «ճանապարհի 3.8 կմ–ն ասֆալտապատված է, մնացած մաքուր 7 կիլոմետրը պատրաստ է ասֆալտի բայց բիտում չկա։ Սպասում եմ բիտումի, բիտումը եղավ, կասֆալտապատենք»։

Բնակիչներին այդ պատասխանը չէր բավարարում. «7 ամիս փոշի ենք շնչում, կոտորվել ենք, տաքսին չի գալիս, շտապօգնությունը չի գալիս։ Ձեր ղեկավարը սա տեսնո՞ւմ է։ Կարող ա էս տարի բիտում չլինի, մենք ի՞նչ ենք անելու։

Հիմա Հայաստանում ոչ մի տեղ ասֆալտ չեն անո՞ւմ։ Բա եթե անում են, թող գան էստեղ էլ անեն։ Զանգի ձեր ղեկավարին, ասա՝ գյուղացիները ճամփեն փակել են, գործս կանգնել է, արի իրենց պատասխան տուր»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։