Մենք հենց հաջորդ օրը հայտարարությամբ հանդես եկանք, որ տեղի է ունեցել սխալ և հանրային ներողություն խնդրեցինք տեղի ունեցածի համար և չփորձեցինք անգամ տեքստում բացատրել ինչպես է դա եղել, որովհետև կրքերը լարված էին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ անդրադառնալով նրան, որ 44–օրյա պատերազմի տարելիցի օրը հեռարձակվել է Թաթայի համերգը։

«Հետո, իհարկե, արդեն տարբեր ընթացակարգեր են եղել և արդյունքում մենք երեկ ունեցանք նաև խորհրդի հայտարարությունը, որ ես և Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի ենք ենթարկել։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է դա տեղի ունեցել,ներքին աշխատանքային խնդիրներ են եղել, և ես հիմա չեմ ուզում կոնկրետ անուններ տալ, կոնկրետ ինչ-որ պաշտոններ ասել։ Տեղի է ունեցել խնդիր, որին արձագանքել ենք ներողությամբ, և կարծում եմ մնացածը ներքին քննության հարց է։ Ներքին քննություն կլինի, կփորձենք նաև ներսում հասկանալ ընթացակարգերը ինչպես կազմակերպենք, որպեսզի նման խնդիրներ չունենանք։ Այդ պրոցեսը արդեն սկսվել է իրականում, մենք հատուկ օրացույց ենք նաև սահմանելու նաև այն օրերի համար, որոնք օրենքով կարգավորված չեն։

Մենք Հայաստանում ունենք օրենք, որտեղ ֆիքսված են հստակ հիշատակի օրերը, և այդտեղ ֆիքսված չէր այդ օրը։ Այսինքն մենք սահմանելու ենք հատուկ օրացույց, որպեսզի հետագայում բացառվեն նման միջադեպերը, և եթերում նման բովանդակություն չհեռարձակվի ոչ համապատասխան օրերին։

Երբ եթերացանցը կազմվում է, նայում են օրենքը, նայում են օրենքով ֆիքսված հիշատակի օրերը և ըստ այդմ կազմվում է եթերացանցը։ Մեզ մոտ եթերացանցի պլանավորման ժամանակ տեղի է ունեցել այն, որ օրենքով են առաջնորդվել, և այստեղ է տեղի ունեցել սխալը։ Սխալը հենց դա է եղել, որ մենք առաջնորդվել ենք միայն օրենքով»,–ասաց նա։

Հովհաննես Մովսիսյանը արդարացի է համարում, որ տույժ է կիրառվել իր ու իր տեղակալի նկատմամբ. «Ես հեռուստաընկերության ղեկավարն եմ և կա նաև ծրագրերի տնօրինություն, և պատասխանատուներ ես ինքս էլ համարում եմ մեզ։ Հիմա չեմ փորձելու ուղղորդել որևէ տեղ և կոնկրետ ինչ-որ աշխատակցի, դա կարևոր չէ, դա մեր ներքին ընթացակարգերի հարցն է, բայց այստեղ շատ կարևոր է, որ հանրային դաշտում ես առաջին պատասխանատուն եմ տեղի ունեցածի։

Ես չեմ ասում, որ մենք ճիշտ ենք արել, տեղի է ունեցել սխալ, բայց տեղի է ունեցել սխալ, որովհետև օրենքը առաջին տարին է, որ գործում է և օրենքով են առաջնորդվել, եթերացանկը կազմելիս»,– ընդգծեց նա։

Անդրադառնալով կարծիքին, որ նման քայլի գնալով փորձ է արվել հանրային տրամադրություններ շոշափել, թե արդյո՞ք բթացել է հայերը ժողովրդի հիշողությունը, Մովսիսյանն ասաց. «ես ավելի եմ բարձրացնում խաղադրույքները, ես առաջարկում եմ հենց այս շենքում գտնվող պատգամավորներին, հաշվի առնելով նաև, որ այդ օր մեծ արձագանք եղավ, իսկ ինչու այն պատգամավորները, որոնք, օրինակ ,հայտարարություն էին տարածել և դատապարտում էին Հանրայինին, ինչու չեն իրենք նախաձեռնում և այդ օրը օրենսդրական կարգավորմամբ սահմանում»։

Մովսիսյանը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք ներողություն կխնդրեր, եթե հանրային մեծ արձագանք չլիներ:

«Մենք ունեցել ենք մի շարք դեպքեր, երբ տարբեր միջադեպերի մասով հանրային հարցեր են առաջացել (կուզեք՝ աղմուկ կոչեք, ինչպես կուզեք՝ կոչեք), և դրանց մի մասին արձագանքել ենք, մի մասին՝ ոչ, բայց սա այն հարցը չէր, որին մենք չարձագանքեինք:

Մենք ոչ թե սպասեցինք և հաջորդ օրը՝ առավոտյան, արձագանքեցինք, որովհետև հանրային արձագանքը մեծ էր, այլ մենք ինքներս համարում ենք, որ դա սխալ է. սա շատ կարևոր է:

Այնպես չէ, որ Հանրային հեռուստաընկերությունում ճիշտ ենք համարել համերգ հեռարձակել, այն ծրագրել ենք և հիմա փորձում ենք դա արդարացնել. դրա մասին էր նաև մեր հայտարարությունը, որ մենք չենք փորձելու արդարացնել սա: Սա սխալ էր, և մենք տվել ենք դրա անունը»,- ասել է նա: