Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն։ Այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը։ Վարչապետը հավելել է, որ Պուտինի և Ալիևի հետ հանդիպումներ է ունեցել մոտ մեկ ամիս առաջ, իսկ Թուրքմենստանի հանդիպման ձևաչափը ենթադրում է անմիջական շփում, ուստի շփումներ էլի կլինի։ «Պաշտոնապես հանդիպումներ նախատեսված չեն», — հստակեցրել է վարչապետը՝ միաժամանակ նկատելով, որ նախկինում էլ են եղել դեպքեր, երբ ինչ-որ հարց քննարկելու անհրաժեշտությունից ելնելով՝ տեղում որոշում է կայացվել հանդիպում անցկացնել։
Անդրադառնալով Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքն «ուկրաինացումն» է, Փաշինյանը հիշեցրել է ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորությունների չկատարման մասին։ «Ես իր հետ աշխատելու և շփվելու առիթ ունեցել եմ»։ Բայց հիմա էդ «կսմիթները» ու սպառնալիքները ինչի՞ համար են։ Նույն տրամաբանությամբ ես էլ կարող էի, կամ որևէ մեկը կարող էր ասել, թե Հայաստանը նոր Ռուսաստանի վերածվելն է՝ նկատի ունենալով, որ ՌԴ-ում պայթյուններ են տեղի ունենում և այլն։ Հայաստանը Հայաստանն է և Հայաստանը ոչ մի ուրիշ բանի չի վերածվի։ Այն դառնալու է ավելի ու ավելի ինքնիշխան պետություն», — հայտարարել է Փաշինյանը։











