Իշխանություններն ինչպես միշտ, հիմա էլ Շաքի ներխուժած ադրբեջանցուն են հանձնելու. որ բռնում, տալիս են հանցագործներին, այդ տալու դիմաց ինչո՞ւ փոխարենը ոչինչ չենք ստանում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8–ին, ԱԺ–ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների և անհետ կորածների հարազատների հանդիպման ժամանակ նշեց 44–օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։
Դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ նա նշեց. «Ձեզնից ակնկալում եմ լինել հետևողական, օգտագործել բոլոր հնարավոր մեթոդները, մենք էլ պատրաստ ենք սատար կանգնել, որ թուրքի լամուկին հետ չտան։ Եկել, մտել է մեր տան մեջ, եթե սա հետ գնաց, վաղը, մյուս օրը այնտեղից գալու են ոչ թե 1-ը, 3-ը, 13-ը, գալու են հազարները։ Կամ՝ թող պայման դնեն... Չնայած կասկածում եմ, որ մեր այսօրվա կզած իշխանությունը կարող է դուխով տղու պես խոսել։ Բայց, համենայնդեպս, գոնե մի բան պետք է արվի՝ ուզում եք, հա, այսքան մարդ ունենք անհետ կորած, գոնե 10 հոգու տեղ ասեք, ձեր թուրքին վերցրեք, գնացեք»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր հերթին հավաստիացրեց, որ հետևողական են լինելու, որ Հայաստանում հայի տուն մտած ահաբեկիչը ենթարկվի պատախանատվության, որ վաղը, մյուս օրը սա չդառնա օրինաչափություն։
«Ադրբեջանցին վստահ է, որ վերադառնալու է Ադրբեջան, հերոսացվելու է։ Իրենք պետք է պատժվեն, որպեսզի հետագայում նոր սաֆարովներ չլինեն»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ նախքան այս հանդիպումը, Նարեկ Կարապետյանն ու խմբակցության մյուս անդամները հանդիպել էին 2023-2024 թվականների ընթացքում զոհված, Արցախում հուղարկավորված զինծառայողների հարազատերին, որոնք պահանջում են արտաշիրիմում։











