«Նուբարաշեն» ՔԿՀ–ում արդեն 30 օր է՝ հացադուլ է հայտարարել դատապարտյալ Աշոտ Բադալյանը։ Նա պահանջում է արդար դատավարություն։

Այսօր ասուլիսում նրա պաշտպաններից Աբգար Պողոսյանը նշեց, որ Աշոտ Բադալյանին սպանության մեղադրանք է առաջադրվել, ինչն ակնհայտ ակնհայտ սխալ որակում է. «Չափազանց ակնհայտ է, որ այստեղ մենք սպանության հետ գործ չունենք։ Մեր բողոքն ուղղված է մեղադրանքի կողմին, ոչ թե գործը քննող դատարանին։ Ի սկզբանե նախաքննությունը գնացել է այնպիսի հունով, որ պետք է սպանության մեղադրանքով գործը գնա դատարան։ Որևէ այլ քննություն, որը կարող էր հերքել սպանությունը, դիտավորյալ չի արվել այն դեպքում, երբ մեր պաշտպանյալի տված ցուցմունքները վերջինիս աջակցությամբ դեպքի վայրից հայտնաբերված իրերը, գործին կից այլ ապացույցները, վկաները խոսում են այն մասին, որ մեր պաշտպանյալը գործել է անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով։

Հիմա հացադուլի մեջ գտնվելու ընթացքում վերջինիս վիճակը բավականին ծանրացել է։ Երեկ նրան այցելել են թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե՛ պատգամավոր Լիլիթ Գալստյանը»,–ասաց նա։

Պաշտօպանները նաև ներկայացրեցին դեպքի մանրամասները՝ նշելով, որ դրանք ձեռք բերված ապացույցներով հաստատված հանգամանքներ են. «Աշոտ Բադալյանը դեպքի օրը գտնվել է Ձորաղբյուր ամառանոցային զանգվածի տներից մեկում։ նա դրսում էր հայտնվել և իր քրոջը՝ Նաիրա Բադալյանին խնդրել է, որպեսզի մեկ օր գիշերելու հնարավորություն ունենա իր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ։

Մինչ այդ Աշոտ Բադալյանը Նաիրա Բադալյանի որդու՝ Հովհաննես Սուքիասյանի հետ ունեցել է լարված փոխհարաբերություններ։ Երբ Հովհաննես Սուքիասյանը տեղեկացել է, որ Աշոտ Բադալյանը եկել է և բնակություն է հաստատել նշված ամառանոցում, վրդովվել է, պարզաբանումներ է պահանջել, իսկ Աշոտ Բադալյանը մոտեցել է, որպեսզի հանգստացնի, ներկայացնի, որ միայն մեկ օր է մնալու։

Հովհաննես Սուքիասյանը իր հետ ատրճանակ և նռնակ էր վերցրել, վիճաբանությունը վերածվել է քաշքշուկի։ Նաիրա Բադալյանը և նրա ամուսինը՝ Օլեգ Սուքիասյանը, նույնպես ականատես են եղել նշված դեպքին։ Այդ պահին հաջողվել է ատրճանակը վերցնել Հովհաննեսի ձեռքից։ Դրանից հետո Հովհաննեսը արդեն նռնակով մոտեցել է այն տանը, որտեղ գտնվում են Աշոտ Բադալյանի կինը և երեք անչափահաս երեխաները, իսկ Աշոտ Բադալյանը արդեն կրակոց է արձակել հետևից։ Գնդակը դիպել է Հովհաննես Սուքիասյանին, որի արդյունքում նա մահացել է։

Գործում ձեռք բերված ապացույցները վկայում են, որ ունենք դասական անհրաժեշտ պաշտպանության դեպքի հետ։ Շուրջ մեկ տարի ընթացող նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ, որոնք որ հաստատել են Աշոտ Բադալյանի, նաև ականատես վկաների կողմից տրված ցուցմունքները։

Նախաքննության ամբողջ ընթացքում Աշոտ Բադալյանը գտնվել է կալանքի տակ, գործն ուղարկվել է դատարան նույն մեղադրանքով։

Բացի այդ, դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ հերքվել է, որ Աշոտ Բադալյանը ընդհանրապես կապ է ունեցել այդ հրազենի հետ, մասնավորապես վերջինիս գենետիկայի նմուշները չեն հայտնաբերվել այդ հրազենի փամփուշտների վրա և անգամ այդ դեպքում այդ հատվածը չի հանվել Աշոտ Բադալյանի վրայից»։

Աբգար Պողոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մահացած անձը դեպքի վայր ներկայացել է, արդեն իսկ զինված. «Որ սպառնալիքը եղել է իրական, դա ևս փաստարկված ։ Դեպի տան կողմ քայլելիս մահացած անձը մեր պաշտպանյալին ասել է՝ ես չունեմ ընտանիք, դու էլ չպետք է ունենաս։

Շատ ակնհայտ է, որ մեր պաշտպանյալը այդ հրազենի հետ որևէ կապ չի ունեցել և դեպքի վայր եկել է դատարկ ձեռքերով։ Հիմա դատաքննության փուլը կարող է տևել շատ երկար ու այս ընթացքում մեր պաշտպանյալը գտնվում է կալանքի տակ։

Նա իր բողոքի ձայնը բարձրացնելու այլ միջոց չի գտել, քան այն իրավիճակը, որում հիմա մենք հայտնվել ենք։ Վերջինիս պահանջը այն է, որ այս ողջ ընթացքում կալանքի տակ չլինի»։

Ավելի վաղ Աշոտ Բադալյանի քույրը՝ Նաիրա Բադալյանը հայտնել էր, որ ինքն ու իր ամուսինը ոչ մի բողոք չունեն. «Դեպքը եղել է իմ տղայի հետ, տղաս հոգեկան խանգարում ուներ, նռնակով ուզեցել է երեք երեխաներին վերացնի։ Տղաս սկզբում ատրճանակով կրակել է եղբորս վրա, հետո ամուսինս ու եղբայրը խլել են ձեռքից, նռնակով վազել է, որ երեխաներին վերացնի։ Եղբայրս կրակել է, կպել է թոքին, մահացել է։ Ինքն է շտապօգնություն կանչել, հետո ինքնակամ հանձնվել է։ Դեպքը եղել է 2025–ի հուլիսի 11–ին։ Հիմա ցմահի հոդված են դրել, որպես դիտավորյալ սպանություն, բայց այդպես չի։

Հիմա Աշոտի վիճակը ծայրահեղ ծանր է, Չի կարողանում խոսել, ձայնը հազիվ է դուրս գալիս, 33 տարեկան է։ Կյանքին վտանգ է սպառնում, ունի երեք երեխա, 4, 6 և 7 տարեկան։ 4–ամյա տղան աուտիզմ ունի։ Նա իր ընտանիքին է պաշտպանել»։