Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը։
Հիշեցնենք, որ մեղադրյալի կարգավիճակ, բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ունեն նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Դատական նիստը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Դատախազը շարունակում է ներկայացնել գործին կցված ապացույցների ցանկը։
Որպես եզրակացություն՝ դատախազը հայտարարել է, որ ներկայացված փաստաթղթերով հաստատվում է, որ մարտի 1-ի առավոտյան և գիշերը ուժի, ինչպես նաև հրազենի և հատուկ միջոցների կիրառման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ, զոհվել են 8 քաղաքացիական անձ և ոստիկանության զորքերի 2 ծառայող։ Դատախազի խոսքով՝ կիրառվել են ինչպես ոստիկանական, այնպես էլ բանակային ուժեր, ինչպես նաև կրակ են վարել «չպարզված անձինք»։ Առանձնապես ընդգծվել է շենքերի ճակատամասերի ուղղությամբ կրակելու փաստը, շենքերից դուրս են բերվել փամփուշտներ։ Սակայն չի հաղորդվում՝ դրանք արձակվել են ոստիկանակա՞ն, թե՞ բանակային զենքից։ Դատախազը համառոտ ներկայացրել է զենքի և զինամթերքի փորձաքննությունները, անդրադարձել է նաև պարկուճների փոխարինման հարցին, ինչպես նաև՝ ըստ վկայի, փողոցում հայտնաբերված բանակային զենքից արձակված փամփուշտների պարկուճների առկայության տվյալներին։ Կրկին նշվել է Երևանում արտակարգ դրություն մտցնելու մասին 0038 հրամանի «անօրինականությունը»։ Գործին, որպես մեղավորության ապացույց, կցվել են Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսների և հանդիպումների ձայնագրությունները։











