Հայաստանը, ելնելով տարածքային սահմանափակումներից, չպետք է զբաղվի զանգվածային երկրաբանական հետախուզությամբ։ Դրա մասին հայտարարել է Haller Lomax-ի գործընկեր Թիմուր Օդիլովը՝ ելույթ ունենալով Mining Armenia Forum 2026-ում։
Օդիլովը նշել է, որ առաջատար իրավազորություններում գործում է երկրաբանական հետախուզության լիցենզիաների տրամադրման բլոկային համակարգը։ Երկիրը բաժանվում է բլոկների, և լիցենզիաները տրվում են կոնկրետ բլոկների համար։ Նման համակարգ կիրառվում է Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Ղազախստանում։
Սակայն, նրա բնորոշմամբ, Ղազախստանի և Հայաստանի միջև էական տարբերությունը տարածքների չափերն են։ Ղազախստանի հսկայական տարածքը հնարավորություն է տալիս զանգվածային երկրաբանական հետախուզություն իրականացնել և նույնիսկ հնարավոր է դարձնում որոշակի սպեկուլյատիվ մոդելներ։ Օդիլովը պարզաբանել է, որ որոշ ընկերություններ լիցենզիա են ստանում, ներդնում են մի քանի հազար դոլար, ապա այն հանում շուկա, որպեսզի տեղամասը վերցնի ավելի խոշոր ընկերություն։ Դրանով նրանց աշխատանքն ավարտվում է։ «Ոմանց դա դուր չի գալիս, որ նա ոչինչ չի արել, բայց իրականում դա նրա հիմնական խնդիրն է այս շղթայում»,- նշել է նա։
Հայաստանում, ելնելով տարածքային սահմանափակումներից, Օդիլովը խորհուրդ է տվել չզբաղվել զանգվածային երկրաբանական հետախուզությամբ։ Փոխարենը, նրա կարծիքով, անհրաժեշտ է ներգրավել որակյալ junior-ընկերություններ, որոնց համար պետք է կառուցվի շատ խիստ ընտրություն։ Օդիլովն ընդգծել է, որ խոշոր ընկերությունները կարևոր են իրենց փորձի շնորհիվ, սակայն որակյալ junior-ընկերությունները նույնպես մեծ նշանակություն ունեն․ հենց նրանք են զբաղվում հանքավայրերի որոնմամբ և բացահայտմամբ։ «Հենց նրանք են հետախույզները և բացելու են հանքավայրերը»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, ըստ փաստաբանի, անհրաժեշտ է ապահովել լիցենզիաների շրջանառության կարգապահությունը։ Եթե junior-ընկերությունը ստանում է լիցենզիա, մի քանի տարի աշխատում է, բայց ոչինչ չի գտնում, պետք է անմիջապես գործարկվի բլոկի վերադարձի մեխանիզմը, որպեսզի այն հնարավոր լինի տրամադրել մեկ այլ հավակնորդի։ Օդիլովը նշել է, որ Ղազախստանում այս մեխանիզմը վերջնականորեն կարգավորել են միայն հիմա՝ ութ տարի անց, և այն սկսել է արդյունք տալ։ Ըստ նրա՝ նմանատիպ մեխանիզմներ գործում են նաև այլ երկրներում։
Առանձին նա կանգ է առել Հայաստանում լիցենզիաների տրամադրման կարգի վրա։ Ըստ փաստաբանի՝ նա ուսումնասիրել է օրենքը, սակայն «ով առաջինն է եկել, նա էլ ստացել է» մեխանիզմը բավականաչափ հստակ չի ամրագրված։ «Եվ սա ամենաաններթափանցիկ, ոչ թափանցիկ մեխանիզմներից մեկն է»,- հայտարարել է Օդիլովը։ Նա նշել է, որ Ղազախստանում, Ավստրալիայում և Կանադայում համապատասխան ընթացակարգերը հստակ են ամրագրված։ Ուզբեկստանում նույնպես փորձել են ներդնել Ղազախստանի օրինակով մեխանիզմը, սակայն այնտեղ այն չեն մանրամասնել, և այն չի գործարկել։
Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Լեռնահանքային ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Lydian Armenia ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։











