Այն որ Հայաստանում իրավական բեսպրեդել է, կարծում եմ՝ նորություն չէ որևէ մեկի համար, բայց որ Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ և դրա հեղինակը ոչ ավել, ոչ պակաս քննչական կոմիտեն է, մի քիչ նորություն էր անգամ ինձ համար։ Այս մասին Facebook–ի իր էջի «լայվում» հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սեպտեմբերի 28-ին դատարանը որոշում է կայացնում, որ Օլիմպավանի կապարակնքումը ապօրինի է, այսինքն քննիչները ապօրինի գործողություններ են իրականացրել՝ փակելով Օլիմպավանը, իսկ ցանկացած մինչդատական ակտ ենթակա է կատարման, այն էլ անհապաղ։

Բայց ի՞նչ է անում Քննչական կոմիտեն, Քննչական կոմիտեն պարզապես չի կատարում դատարանի որոշումը։ Հարցում եմ ուղարկում Քննչական կոմիտե, թե որն է իրավական հիմքը իրենց գործողության և ինչու չեն կատարում դատարանի որոշումը։

Հիմա պատասխանը։ Հարգելի իրավաբաններ, նստեք, որ չընկնեք։ Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ դատարանի որոշումը ուղարկել է հսկող դատախազին բողոքարկման հարցը քննարկելու նպատակով։ Պատկերացնո՞ւմ եք իրավական կատարյալ անհեթեթություն։ Սա նույն է, որ օրինակ շարքային քաղաքացու խափանման միջոցը փոխվի, դատավորը որոշի, որ կալանք է տալիս, բայց քաղաքացին ասի՝ հլը մի րոպե, փաստաբանս բողոքարկում է, մինչև հարցը չլուծվի, որոշումը չլինի բողոքարկման, ես քրեակատարողական հիմնարկ չեմ գալիս։ Ի՞նչ կանի այդ դեպքում մեր ուժային իրավապահ համակարգը, քանի վայրկյան հետո քաղաքացուն կփռի ասֆալտին ու կտանի խուց։

Բայց մեր Քննչական կոմիտեն՝ կառույց, որը պարտավոր է պաշտպանել պահպանել օրենքը, դատարանի որոշումը դնում է թղթապանակի մեջ, ուղարկում է դատախազություն, իսկ տնտեսվարողին, մարդկանց, որոնք մնացել են ամիսներով առանց աշխատանքի, ասում է՝ դուք էդտեղ սպասեք, մենք որոշում կկայացնենք, տեղյակ կպահենք։

Սիրելի հայրենակիցներ, դատարանի որոշումը չկատարելը հանցագործություն է։ Այն քննիչները, որոնք չեն կատարում դատարանի որոշումը, հենց այս պահին հանցագործություն են իրականացնում։

Ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին դատախազություն, սպասում եմ պատասխանին, իսկ մինչ այդ ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, ոչ մի իշխանություն հավերժ չէ, անգամ ամենաուժեղ բռնապետերը հավերժ չեն իշխել, յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրելու վաղը արդարադատության առջև իր իրականացրած ապօրինությունների համար»։