Այն, ինչ կատարվեց ուղիղ եթերում, հանրությունը տեսավ և իր գնահատականը տվեց սոցիալական ցանցերում. Ուժեղ կամ թույլ լինելը քաշքշելով չի որոշվում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։
Դիտարկմանը, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներն էլ ասում են, որ իրենք են ՔՊ–ի ջարդը տվել, նա հեգնեց. «Հա, այնպես են մեր ջարդը տվել, որ չենք կարող դահլիճ մտնել։
Իմ կարծիքն այսպիսին է, որ մենք տվել ենք համապատասխան, արժանի պատասխան, իրենք են սկսել և մենք տվել ենք պատասխան»։
Դիտարկմանը, որ ՔՊ–ական Տարոն Չախոյանի ելույթից առաջ նաև իր ելույթի ժամանակ մի պահ իրավիճակը լարվեց, Նարեկ Կարապետյանի հետ լարված երկխոսություն տեղի ունեցավ, վերջինս ուզում էր մոտենալ իրեն, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Նախ ես չեմ հավատում, որ ինքը դիմացից ինձ կմոտենա, ինքը հետևից է միշտ մոտենում, թաքուն, որ չտեսնեմ։ Ինքն ինձ հետևից է հարվածել, երբ արդեն ամեն ինչ վերջանալու վրա էր, ընդ որում, մի ախրանայով։ Ընդհանրապես ինձ դաստիարակել են, որ եթե մարդուն բան ունես ասելու, դիմացից ասա, եթե կարողանում ես ասել»,–ասաց նա։
Նարեկ Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները նախապատրաստվել էին սադրանքին. «Ես խոսում էի ֆեյքերի մասին և էսօր երևի կհրապարակեմ իրենց ֆեյքերը, որոնց կբնութագրեմ անգրագետ ֆեյքեր։
Օրինակ, իմ փոստերը կամ իմ վիդեոները որևէ ֆեյք ոչ լայքել է, ոչ կիսվել է, իսկ այն ֆեյքերը, որոնք իմ կարծիքով, հենց իրենք են ստեղծել, կիսվում են լրիվ նույն բաները։ Օրինակ, երեկ մի հատ «Աննա-Աննա» կար, բայց «Վազգեն-Վազգենն» էլ էր նույն բանը կիսվել, «Մարգար–Մարգարն» էլ։ Ու բոլորը նմանատիպ բովանդակությամբ քոմենթներ են գրում։ Երբ էջում գալիս են որպես ինձ հետևորդ ու ես տեսնում եմ՝ իրենք ովքեր են, մտնում եմ ու տեսնում եմ, որ նույնն են։ Ես յուրաքանչյուր տեսահոլովակ տեղադրելուց Facebook-ում, արդեն սպասում եմ իրենց արձագանքներին։ Ես ընդամենը երեկ ասեցի, որ ես կարծում եմ, որ իրենք են այդ համակարգչի հետևում նստած և հիմա էլ եմ այդպես կարծում»,– ընդգծեց ՔՊ–ական պատգամավորը։
Անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ողջունում է ՔՊ–ի իրականացրած գործողությունները, արդյոք պարգևատրվելու են այն ՔՊ–ականները, որոնք ավելի լավ են ծեծել, Նարեկ Գրիգորյանն ասաց. «Մենք կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացրել, կանխում էինք ընդդիմության այն մարդկանց, որոնք փորձում էին ամբիոնի մոտ ելույթ ունեցող ԱԺ պատգամավորին հարվածել։ Նրանք ստացան համապատասխան պատասխան, և այո, սրանից հետո ամեն անգամ, երբ կփորձեն Ազգային ժողովի պատգամավորին հարվածել, կստանան համապատասխան պատասխան։ Դա անթույլատրելի է։ Այնպես չի, որ իրենց ելույթները մեր սրտով են, բայց օրինակ ես երբեք իմ տեղից չեմ խանգարել ելույթ ունեցողին, բայց իրենք փորձում էին խանգարել, փորձում էին սադրել»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հատուկ վերաբերմունքի արժանացրել, օրինակ, Նարեկ Բաբայանին, որը անխնա, ջանք գործադրելով աջուձախ հարվածում էր, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Նարեկ Բաբայանը իմ ընկերն է, ինքը մեզ համար հատուկ մարդ է եղել, ինքը պաշտպանում էր իր ընկերներին, ինչքան, որ հնարավոր էր, ու բոլորս այդտեղ պաշտպանում էինք մեր ընկերներին, ինչքան որ հնարավոր է»։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ հոկտեմբերի 29–ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։
Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։
Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։











