Եթե խոսքը հոկտեմբերի 6–ի դեպքի մասին է, լրագրող Նարեկ Կիրակոսյանի կողմից եղել է հարցում տեսախցիկի տեսանյութի վերաբերյալ, և դա այն տեսախցիկի տեսանյութն էր, որը անվտանգային գոտի չէ և վերահսկվում է Ազգային ժողովի մուտքի ելումուտը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Ղամբարյանը՝ անդրադառնալով հարցին, թե այդ ինպես է պատահում, որ այն տեսախցիկները, որոնք ԱԺ պահպանության ներքո են, դրանց պարունակությունը հայտնվում է իշխանական լրատվամիջոցներում։
«Այնտեղ նաև բոլոր լրագրողները ունեն հասանելիություն, այդ տեսանյութը կոնկրետ որևէ ան անվտանգային տեղեկատվություն չէր պարունակում»,–ասաց նա։
Հարցին՝ հիմա ով հարցում անի, տեսանյութը կտրամադրվի՞, նա պատասխանեց. «Ըստ նպատակային նշանակության կարող եք հարցում անել և կանդրադառնանաք կոնկրետ դեպքով»։
Հարցին՝ Վահագն Ալեքսանյանի ջարդած աթոռի փողը ո՞վ է տվել, Ղամբարյանն արձագանքեց. «Չեմ տեսել՝ ջարդվել է այդ աթոռը, թե ոչ։ Որոշակի գույք վնասվել էր, բայց էական չէր այդ վնասը։ Կան հարցեր, որոնք կարելի է շատ արագ կազմակերպել և կազմակերպվել է։ Դա արվել է սեփական ուժերով, Ազգային ժողովի աշխատակիցների միջոցով։ Աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից շատ արագ արձագանք է եղել, որպեսզի բնականոն աշխատանքները շարունակվեն»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ ԱԺ նիստերի ժամանակ, երբ իրավիճակը սրվում է, շշերը հավաքում են, հետո նորից շարում են, Ղամբարյանն ասաց. «Երբեմն ցավոք սրտի փորձը հաշվի առնելով, այո, նման բան արվում է։ Ընդհանրապես այդ հարցին պետք է ունենանք մոտեցում՝ արդյոք լինեն շշերը, թե չէ։ Ես կարծում եմ, որ այո, պետք է լինեն, որովհետև դա նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է»։
Դիտարկմանը, որ շշերը հիմնականում հավաքում են կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ դահլիճում է Նիկոլ Փաշինյանը, նա արձագանքեց. «Ոչ անպայմանորեն։ Դա անվտանգության հարց չի, դա ուղղակի նման հնարավոր դեպքերից խուսափելու համար կարող է արվել։ Անվտանգության հարց այդտեղ չկա, ջրի շիշ է»։











