Ընդդիմությունը և «Ուժեղ Հայաստանը» չեն ընկրկում, իսկ իշխանությունը փորձում է արդեն կանխատեսելի և ոչ ոքի չզարմացնող ձեռագրով և գործիքակազմով ինչ-որ բանի հասնել, մենք այն ուժն ենք, որ որևէ ճնշման դեմ կանգ չի առնելու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Այն, ինչ այսօր առավոտվանից տեղի է ունենում մեր ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի և Կարապետյանների հետ փոխկապակցված 65 հասցեներում, դրա վկայությունն է։ Իշխանությունը հասկանում է, որ Բաքվից թելադրված արտաքին օրակարգը, որն ինքը սպասարկում է, չի կարող իրականացնել, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտում կա ուժ, որը թույլ չի տալու ազգային ինքնության, մեր պետականության և անկախության դեմ ուղղված որևէ գործողություն » ,- ասաց Ղահրամանյանը։

Նրա խոսքով չնայած բոլոր բռնաճնշումներին, քրեական գործիքակազմի կիրառմանը՝ հայ ժողովուրդը մանդատ չի տվել Նիկոլ Փաշինյանին՝ Ալիևի Սահմանադրությունը որպես մայր օրենք բերելու։ Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, համոզված է, որ դա չի լինելու, քանի որ, ինչպես վստահեցրեց՝ իրենց չեն կարողանալու համոզել, որևէ ճնշում իրենց հետ չի պահելու։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանի խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։

Մամուլի տեղեկություններով, խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։