«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միքայելյանը հայտարարել է, որ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու՝ իշխանությունների ծրագրերին հակազդելու հետ։ Նրա կարծիքով՝ տեղի ունեցողը քաղաքական ճնշում է ընդդիմության նկատմամբ։ Այդ մասին Միքայելյանն ասել է լրագրողներին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը։
Միքայելյանը նշել է, որ մյուս ձերբակալվածների և քրեական գործի մանրամասների մասին տեղեկություններ չունի, ուստի չի մեկնաբանի իրավիճակի իրավական կողմը։ Միաժամանակ նա հայտարարել է, որ տեղի ունեցողի պատճառները քաղաքական է համարում։
«Փորձենք մեկ տարի հետ գնալ։ Սամվել Կարապետյանին ձերբակալեցին այն բանի համար, որ նա հայտարարեց՝ մենք մեր ձևով պաշտպանելու ենք Հայ առաքելական եկեղեցին։ Այս անգամ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ թույլ չի տալու Հայաստանի Հանրապետությունում ընդունել «Ալիևի սահմանադրությունը»։ Եվ դրանից անմիջապես հետո նոր շինծու քրեական գործեր հաջորդեցին»,- ասել է նա։
Միքայելյանի գնահատմամբ՝ միաժամանակ 65 հասցեներում իրականացվող խուզարկությունները վկայում են ընդդիմությանը վախեցնելու՝ իշխանությունների փորձի մասին։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Կարապետյանը, որն ավելի քան տասը ամիս տնային կալանքի տակ էր, կրկին հայտնվել է կալանքի տակ։
«Միայն տեսեք՝ մարդն ավելի քան տասը ամիս տնային կալանքի տակ էր, իսկ հիմա նրան նորից ձերբակալում են և տանում Քննչական կոմիտե։ Ինչո՞ւ էր պետք խուզարկություն անցկացնել Սամվել Կարապետյանի մոտ։ Ես զարմանում եմ, որ մեր հայրենակիցների մեջ դեռ կան մարդիկ, որոնք զարմանում են սրա վրա։ Փաշինյանն իր վախերի պատճառով պատրաստ է ամեն ինչի»,- հայտարարել է կուսակցության ներկայացուցիչը։
Միքայելյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ստիպել ընդդիմությանը հրաժարվել սահմանադրական փոփոխություններին հակազդելուց։ Սակայն, ընդգծել է նա, ձերբակալությունները չեն փոխի կուսակցության դիրքորոշումը։
«Եթե սա համոզելու նրա մեթոդն է, վստահեցնում եմ ձեզ՝ մենք չենք համոզվելու։ Ինչ էլ նա անի, որքան էլ մարդ ձերբակալի, մեկի փոխարեն երկուսն են ոտքի կանգնելու։ Մենք դրոշը փոխանցելու ենք միմյանց և շարունակելու ենք գործել բացառապես Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից ելնելով»,- ասել է Միքայելյանը։
Նա հայտարարել է նաև, որ կուսակցությունը մտադիր է իր նպատակներին հասնել օրինական մեթոդներով և թույլ չի տա ընդունել փոփոխություններ, որոնք համարում է Ադրբեջանի շահերին համապատասխանող։
«Մենք ատամներով կառչած ենք մնալու դրան և թույլ չենք տալու, որ դա տեղի ունենա։ Մենք պայքարելու ենք բոլոր օրինական միջոցներով և թույլ չենք տալու փոխել Սահմանադրությունը»,- ընդգծել է Միքայելյանը։
Նրա կարծիքով՝ նման փոփոխությունների ընդունումը սպառնալիք կդառնա հայոց պետականության համար։ Նա վստահություն է հայտնել, որ հասարակությունը չի ընդունի իրադարձությունների նման զարգացումը։











