Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը չի կարող հիմնավորված լինել։ Այս մասին դատական նիստից հետո հայտարարել է փաստաբան Էմին Խաչատրյանը։ Նիստի ընթացքում հրապարակվել է Ծառուկյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու որոշումը։ Նույն որոշմամբ դատարանը երկարաձգել է նաև գործով անցնող մյուս անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցների ժամկետները։

Փաստաբանի խոսքով՝ նախորդ օրը պաշտպանական կողմի հայտնած մտահոգությունները տեղին էին։ Դրանց մասին պաշտպանները հայտարարել էին՝ վերլուծելով իրավիճակն ու երկրում տիրող դրությունը։

Խաչատրյանն ընդգծել է, որ կալանավորման համար որևէ փաստ կամ հիմք չկա։ «Մնում ենք մեր այն կարծիքին, որ կալանքի ժամկետի երկարաձգումը չի կարող իրավաչափ լինել։ Ավելի մանրամասն գնահատական կհնչեցնենք դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո։ Բայց, ամեն դեպքում, մենք ծանոթ ենք գործին, ուստի պնդում ենք, որ որոշումը չի կարող հիմնավորված լինել. պարզապես պետք էր այդպես անել, այդպես էլ արեցին», — նշել է փաստաբանը։

Դատարանի որոշումը կբողոքարկվի։