Ազգային ժողովի դիմաց այսօր՝ նոյեմբերի 18–ին, բողոքի ակցիա է կազմակերպել Մարտական եղբայրություն միաբանություն-Ազգային հեղափոխություն կուսակցությունը։

Նրանք ձեռքներին ունեն պաստառներ՝ «Անկախությունը շարունակական պայքար է», «Ես եմ ռևանշիստը», «Անբովանդակ, միաբովանդակ ԱԺ», «Չենք ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում» և այլն։

Մարտական միաբանության անդամ Ռուբեն Դալլաքյանն իր խոսքում նշեց. «Այսպես կոչված սահմանազատում, սահմանագծումը հայ ժողովրդին հերթական զիջումները պարտադրելու գործընթաց է։ Դա հայտարարվել է պատերազմից անմիջապես հետո։ 21 թվականից սկսած Ադրբեջանի կողմից պահանջներ են դրվել ութ գյուղերի հանձնման վերաբերյալ։ Մայիսին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո Հայաստանի վարչապետը կարծես թե ցանկանալով զսպել բողոքի մեծ ալիքը, հնչեցրեց թե որևէ իրավական հիմք գոյություն չունի որ այսպես կոչված անկլավները, այլ տարածքներ պատկանում են Ադրբեջանին։ Սակայն Ադրբեջանի պահանջները եղան հետևողական և 24 թվականին մենք ականատեսը եղանք այդ ութ գյուղերից չորսի հանձնմանը։

Մարտական եղբայրությունը առաջնագծում էր այդ ժամանակ և ամեն ինչ անում էր և մինչ այդ էլ մեկ տարի շարունակ տեղում աշխատել էր, սակայն Մարտական եղբայրության անդամներին անհիմն մեղադրանքներով, կեղծ կասկածանքներով երեք օրով կալանավորեցին, խանգարեցին մեր գործունեությունը։

Մենք նաև տեսանք, թե ընդդիմությունը ինչպես այդ կուտակված էներգիան, հավաքված մարդկանց կամաց-կամաց ցրեց այնտեղից, սահմաններից բերեց և այդ էներգիան մարեց Երևանում։ Իսկ ականազերծող խմբերը շատ հանգիստ իրենց գործը արեցին և այդ տարածքները հանձնեցին.,–ասաց նա։

Ռուբեն Դալլաքյանը նկատեց, որ եթե չկա սահմանազատում, ապա ի՞նչ հիմքով է հանձնվում որևէ տարածք. «Համաձայն Հայաստանի սահմանադրության տարածքների փոխանակում, փոփոխություն կատարվում է միայն հանրաքվեով, սակայն այդ տարածքները հանձնվեցին, անգամ չկար այդ սահմանազատման, սահմանագծման կանոնակարգը։ Բանավոր խոսքի վրա պարզապես զիջվեց Հայաստանի կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներ։ Ընդ որում, այդ ամեն ինչը տեղի ունեցավ ուժի սպառնալիքի գործադրմամբ, վարչապետը հստակ ասաց, որ եթե այդ գյուղերը չհանձնենք, շաբաթվա վերջում կլինի պատերազմ։

Այնուհետև թեման վերաբացվեց 2026-ի օգոստոսին. «Հայաստանի վարչապետը ասում է, որ Հայաստանի տարածքը ինչ-որ թիվ քառակուսի կիլոմետր է, ոչ թե հստակ բնագծեր, ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ։ Հաջորդը՝ ասվեց, որ այդ տարածքները այնպես կփոխանակվեն, որ գումարային մակերեսը Հայաստանի մնա նույնը։ Սա պարզապես խայտառակ, ապշեցուցիչ, ուրեմն, զիջումներ են, որովհետև Ադրբեջանի նախագահն անձամբ հայտարարել է, որ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի ռազմավարական գրեթե չորս տասնյակ բարձունքներից իրենք չեն նահանջելու, մոտ 200 քկմ օկուպացված տարածք չեն վերադարձնելու և հարց է առաջանում, թե այդ որտեղ, որ մասում պետք է այդքան տարածքը կոմպենսացվի»,–ասաց Մարտական եղբայրության անդամը։

Ռուբեն Դալլաքյանը հայտարարեց, որ ի տարբերություն խորհրդարանական ընդդիմության, իրենք հայտարարում են, որ այսպիսի պայմաններում սահմանազատում, սահմանագծում անելը աբսուրդ է, որովհետև փաստացի պատերազմական, թշնամական և պարտադրանքի քաղաքականություն է տարվում Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ. «Մի փաստ ասեմ, որի մասին ոչ ոք չի բարձրաձայնում, այսօր Տիգրանաշենի կողքը բարձունքի վրա, Նախիջևանի սահմանից մոտ վեց կիլոմետր խորությամբ Հայաստանից ներս, կառուցվում են բունկերներ։ Դրանք շատ լավ երևում են Google-ի քարտեզի վրա։ Ոչ մի գաղտնիք չկա, հենց հիմա կարող եք բացել և նայել։ Ի՞նչ է սա, եթե ոչ, նախապատրաստում հերթական զիջումների»։