Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի մեկնարկը։ Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էներգետիկ փոխակերպումը մեր կառավարության համար ռազմավարական թեմա է»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացում էներգետիկ անկախությունն ամրապնդելու տեսանկյունից։
Նրա խոսքով՝ եթե դեռ մի քանի տարի առաջ երկիրը ռեսուրսների պակաս էր զգում, ապա այժմ վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգետիկայի զարգացման շնորհիվ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվել սեփական կարիքները բավարարելու համար։
Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի զարգացման անհրաժեշտության վրա. առանց դրանց արևային էներգիայի օգտագործման արդյունավետությունը զգալիորեն նվազում է։ Ոչ պակաս կարևոր ուղղություն էլ նա համարել է էներգաարդյունավետության բարձրացումը, քանի որ շենքերն ու ձեռնարկությունները հաճախ արդյունավետ չեն ծախսում էներգիան։
Հայաստանը նաև մտադիր է կառուցել նոր ատոմային էլեկտրակայան և շարունակել էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը։
«Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը»,- հայտարարել է վարչապետը։
Նրա խոսքով՝ էներգետիկան և էլեկտրաէներգիայի տարանցումը կդառնան այս նախաձեռնության կարևոր բաղադրիչները։
Հայաստանը նախատեսում է իր էլեկտրացանցերը միացնել Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին։ Միևնույն ժամանակ երկիրն արդեն կապված է Իրանի և Վրաստանի հետ և ներդրումներ է կատարում էլեկտրաէներգիայի փոխանցման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։











