Ամերիկացի աշակերտ, 5-րդ դասարանցի Թայլեր Սալիվանին չեն պատժի դասերից փախչելու համար: Նա ամուր ալիբի ունի` գրություն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից:
Հունիսի 1-ին 11-ամյա Թայլերը փախել էր դպրոցից, հոր` ամերիկյան ռազմածովային ուժերի վետերան Ռայան Սալիվանի հետ ուղեւորվելով Բարաք Օբամայի հետ հանդիպմանը: Ընդ որում, տղային հաջողվել է ոչ միայն լսել նախագահի ելույթը, այլեւ սեղմել ձեռքը եւ շփվել, հաղորդում է The Los Angeles Times-ը:
«Ես ասացի. «Բարեւ, նախագահ»: Իսկ նա ինձ հարցրեց. «Դու հավանաբար փախե՞լ ես դասից: Քեզ համար գրություն գրե՞մ: Ինչպե՞ս է ուսուցչիդ անունը»: Ես ասացի. «Պարոն Աքերման»: Ու նախագահը գրեց. «Պարոն Աքերման, ներեցեք, խնդրում եմ, Թայլերին: Նա ինձ հետ էր, Բարաք Օբամա: Նախագահ»,- պատմել է Թայլերը` ցուցադրելով շրջանակի մեջ դրած գրությունը:











