Ռուսաստանում բուռն քննարկվում է Վալաամի վանքի վանահայր Մեֆոդիի տարօրինակ պահվածքը, որը նախօրեին ցանկացել էր համբուրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը: Ռուսաստանի ղեկավարը ձեռքը քաշել էր, բարկացած ինչ-որ բան շշնջացել: Այդ դրվագը նկարահանել է Russia Today գործակալությունը:
Ավելի ուշ նրա տեղակալի մամլո քարտուղար Միխայիլ Շիշկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ հայր Մեֆոդին դա արել է ի նշան «փոքր ժողովրդի կողմից» (Մակեդոնիայի) «մեծ ռուսական ժողովրդին ընդունելու»: Շիշկովը բացատրել է, որ արեւելյան ուղղափառության մեջ այդ ժեստը խոնարհություն է նշանակում: Նա ասել է, որ հայր Մեֆոդին ազգությամբ մակեդոնացի է, նրա համար դա նշանակություն ունի:
Շիշկովը նաեւ հայտնել է, որ դեպքը տհաճ զանգերի տարափ է առաջացրել, այդ թվում նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից: Նա նաեւ նշել է, որ այդ ժեստը չի զայրացրել նախագահին, իսկ ձեռքն էլ քաշել էր, «քանի որ նման փորձ չի ունեցել»:
Ինչպես նշում է NEWSru.com-ը, դեպքը լայնորեն քննարկվում է բլոգային միջավայրում: Շատերը բացասական են գնահատում հոգեւորականի արարքը: Ոմանք էլ կարծում են, որ դա ցուցադրական բնույթ է կրում` հաշվի առնելով Pussy Riot-ի դատավարությունը: Սերգեյ Բունտմանն իր բլոգում գրել է, որ հայր Մեֆոդին իսկապես համբուրում է «իր բոլոր հոգեւոր երեխաների» ձեռքերը, «սովորական, ոչ «բարձրաստիճան» խոնարհներին»:











