«Պետերբուրգսկի» համալիր մտնելիս հանդիսատեսների թեւին վարդագույն ժապավեններ են կապել` կատակելով, թե դրանք պետք են, որպեսզի «ձեռքերը մթության մեջ լավ տեսանելի լինեն»: Սակայն դրանց իրական նպատակը պարզ է դարձել, երբ բեմի վերեւում մակագրություն է հայտնվել.

«Մադոննայի խնդրանքով համերգից առաջ հանդիսատեսներին վարդագույն թեւկապներ հագցրին` ի նշան հանդուրժողականության ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ: Համերգի ժամանակ նա կխնդրի, որ ձեռք բարձրացնեն բոլոր նրանք, ովքեր աջակցում են իր կոչին»:

Կոչին ոչ բոլորն են աջակցել: Օթյակում նստած մի կին, կարդալով տեքստը, ցուցադրաբար հանել շպրտել է ժապավենը եւ շուտով հեռացել: Առաջին շարքերում նստած մի տղամարդ էլ ակնհայտորեն շփոթված ձեռքի շուրջ պտտում էր ժապավենը` չիմանալով ինչպես վարվել, հանել թե թողնել, հայտնում է «Ազատություն» ռադիոն:

Մադոննայի կոչի ժամանակ ոչ բոլորն են ձեռք բարձրացրել: Մադոննան միայն վարդագույն թեւկապներով չի բավարարվել, նրա եւ երաժշտախմբի ձեռքին ԼԳԲՏ դրոշներ են եղել, ծիածանի գույներով դեկորացիաներ.երգչուհին լրջորեն անհանգստացած է գեյ-քարոզչությունը սահմանափակող պետերբուրգյան օրենքի կապակցությամբ: Վերջում երգչուհին կատարել է իր սիրելի հնարքը` վրայից նետել է վերնահագուստը եւ ցուցադրել մեջքը, որի վրա գրված է եղել No Fear (Ոչ մի վախ): Մադոննան կոչ է արել անվախ պայքարել իրավունքերի համար:

Օգոստոսի 9-ին Մադոննայի համերգի դեմ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել ինչպես ԼԳԲՏ շարժման կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների կողմից:

«Ռուսաստանի քաղաքացիների արհմիության» ներկայացուցիչները Դվորցովայա հրապարակ քահանա էին կանչել, որը սուրբ ջրով օծել էր այն վայրը, որտեղ տարիներ առաջ երգել էր Մադոննան:

Համերգային համալիրի մոտ պիկետներ են անցկացրել նաեւ գեյ-շարժման ակտիվիստները`երգչուհուն մեղադրելով սեռական փոքրամասնությունների խնդիրների հաշվին փառք վաստակելու ցանկության մեջ: