ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 16-ի երեկոյան ժամանել է Նյութաուն, որտեղ 20-ամյա Ադամ Լանզան արյունալի սպանդ էր կազմակերպել Սենդի Հուկ տարրական դպրոցում, որի հետեւանքով զոհվել էին 20 երեխա եւ վեց մեծահասակ:
Նյութաունում գտնվելու առաջին մի քանի ժամը Սպիտակ տան ղեկավարը նվիրել է զոհվածների հարազատներին: Նրանց հետ հանդիպումը տեղի է ունեցել դպրոցի դասարաններում: Այդ ընթացքում դպրոցի կենտրոնական դահլիճում ընթանում էին գիշերային հոգեհանգստի արարողության նախապատրաստումները:
Հոգեհանգստին մասնակցել ցանկացողների թիվը մի քանի հարյուրի է հասել, հայտնում է «ԱիՖ»-ը:
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սգո աղոթքի ժամանակ խոսք է տվել համազգային մակարդակով միջոցներ ձեռնարկել երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Նյութաունի դպրոցի արարողությունն ուղիղ եթերում հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով:
Նա ընդգծել է, որ ուրբաթ օրը 12 աղջնակ եւ ութ տղա, ինչպես նաեւ վեց մեծահասակ սպանած Ադամ Լանզայի զոհերի հիշատակին ազգը պետք է համապատասխան օրենսդրական միջոցներ ձեռնարկի:











