Սենդի Հուկի դպրոցում 20-ամյա Ադամ Լանզայի գործողություններից տուժած վեցամյա Էմիլի Փարքերի հայրը ցավակցել է մարդասպանի ընտանիքին:

«Ցանկանում եմ մեր խորին ցավակցությունը հայտնել ողբերգությունից տուժած բոլոր ընտանիքներին, այդ թվում՝ մարդասպանի ընտանիքին: Մեր սրտերն ու աղոթքները ձեզ հետ են: Անհնար է պատկերացնել, թե ինչ փորձություն էր դա ձեզ համար  (Ադամ Լանզայի ընտանիքի)»,- ասել է Ռոբերտ Փարքերը. «Ես ատելություն չեմ զգում… Այս ողբերգությունը մեզ պետք է ավելի կարեկից դարձնի», - արցունքները դժվարությամբ զսպելով ասել է տղամարդը:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ավելի վաղ հայտարարությամբ հանդես էր եկել  մարդասպանի հայրը` Փիթեր Լանզան: Նա ցավակցել էր որդու գործողության զոհերի ընտանիքներին: «Մեր ընտանիքը սգում է բոլորի հետ: Խոսքեր չկան նկարագրելու,  թե որքան ենք մենք տառապում: Մենք նույնպես հարց ենք տալիս` «ինչո՞ւ»: Մենք համագործակցում ենք քննության հետ, սգում ենք ձեզնից շատերի նման, սակայն չենք կարող բացատրել կատարվածը»,- ասված էր մարդասպանի հոր հայտարարությունում, որը General Electric ընկերության փոխտնօրենն է: