ԿԺԴՀ-ում դեկտեմբերի 17-ին տեղական ժամանակով ժամը 12։00-ին, 3 րոպե լռությամբ Կիմ Չեն Իրի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել։ Միաժամանակ լսվում էին լոկոմոտիվների, նավերի, ինչպես նաեւ ավտոմեքենաների ազդանշանային ձայները։
Կիմսուսան պալատի դիմացի հրապարակում, որտեղ գտնվում են Կիմ Իր Սենի եւ Կիմ Չեն Իրի դամբարանները, հանրահավաք է եղել։ Հանրահավաքում ներկա էին պետության ղեկավարները՝ ներառյալ Կիմ Չեն Ընի, Գերագույն Ժողովրդական Ժողովի նախագահ Կիմ Յոն Նաման եւ վարչապետ Չխվե Յոն Ռիման։
Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այսօր Փհենյանի եւ այլ քաղաքների բնակիչներ մեծ եւ փոքր խմբերով ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են տեղադրում Կիմ Չեն Իրին նվիրված արձանների եւ խճանկարների դիմաց։ Արարողությանը մասնակցում են Փհենյանում արտասահմանյան դեսպանությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ Եւրամիության միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Բոլոր հաստատությունները, արդյունաբերական ձեռնարկությունները, շինհրապարակները, գյուղերը, դպրոցները, փողոցները, բնակելի տարածքները եւ ամբողջ երկրի ընտանիքներն ընգրկված են նրա հիշատակը հարգելու մթնոլորտում»,- հաղորդել է հյուսիսկորեական «ՑՏԱԿ» տեղեկատվական գործակալությունը, մեջբերում է «BBC» ռուսական ծառայությունը։
ԿԺԴՀ են ժամանել Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Ավստրիայի, ԱՄն-ի, Կանադայի, Նոր Զելանդիայի կորեական պատվիրակությունները։ Հիշարժան իրադարձությանը մասնակցելու համար Կիմ Չեն Ընի հրամանով հատուկ գնացքով Փհենյան են բերել արեւմտյան տիեզերական կենտրոնի գիտնականների եւ ճարտարագետների խմբին, որոնք մեկնարկի են պատրաստում «Ինհա-3» հրթիռը եւ «Կվանմյոնսոն-3» երկրի արհեստական արբանյակը։ Արբանյակը բարեհաջող մեկնարկի է հանվել դեկտեմբերի 12-ին։
Հիշեցնենք, որ ԿԺԴՀ առաջնորդը կյանքից հեռացել է 2011 թվականի դեկտեմբերի 17-ին՝ երկրում հերթական ստուգողոկան ուղեւորությունը կատարելու ժամանակ ստացած սրտի կաթվածից։











