«Սասուն» ջոկատի հրամանատար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը բոլոր հարցերի պատասախանները հետաձգում է մինչեւ տարեվերջ, իսկ այսօր, ինչպես ինքը նշեց` «աշխարհի վերջն է, չի կարելի ոչ մի հարցի պատասխանել»: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, «Հանրապետություն» կուսակցության համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը: 

Նա նշեց, որ ինքը անպայման տարեվերջին իր խոսքը կասի եւ կպատասխանի բոլոր հետաքրքրող հարցերին: Ի պատասխան հարցին, թե սպասելի էր ՀԱԿ-ի նման վախճանը, թեւերի բաժանվելը, Սասուն Միքայելյանը ասաց. «Ի՞նչ վախճան: Թեւերը նշանակություն չունի, կարեւորը կարողանան մի հարցի շուրջ համախմբվել: եթե աշխարհի վերջն է, ուրեմն ամեն ինչի սպասեք»: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր չառաջադրմանը, ապա ՀԱԿ անդամը հանդիմանեց` ասելով, թե «ինչ եք իմանում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, երբ հայտարարի, այդ ժամանակ էլ կխոսենք»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնի զրույցի հրապարակման կապակցության վերաբերյալ նա նշեց, որ  ոչնչից տեղյակ չէ,«ինքը ազնիվ եւ հեռու երկրում է ապրում»:

Դիտարկմանը, թե Կոտայքի մարզը իսկապես ազնիվ երկիր է, մարզպետը այդպես չի կարծում, Սասուն Միքայելյանն ասաց. «Մարզպետը տականք է, դա դեռ չի նշանակում, որ մեր երկիրը, ժողովուրդը ազնիվ չէ»:

Հարցին,թե Լեւոն Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանին եւ Հրանտ Բագրատյանին համարում է «ուրիշ գծի» քաղաքական գործիչներ, դուք ո՞ր գծի վրա եք, նա ասաց. «Ես  գծի վրա չեմ լինում, ես միշտ ուղիղ ու ճիշտ եմ գնում»:  «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի հնարավոր առաջադրման մասին էլ Սասուն Միքայելյանը նշեց, որ «Հրանտ Բագրատյանը հլը որոշել է, բայց չի առաջադրվել»:

«Շեքսպիրը ո՞նց է ասել` մնացյալը լռությունն է, հիմա կլռենք, հետո կխոսենք, ես չեմ կարող չխոսել»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Նա երկրում ստեղծված իրավիճակը համեմատում է «էն որ մեկի բարեկամը հիվանդանում է,ասում են` մեր բարեկամը հիվանդա, դե կլավանա էլի, հետո ասում են` շատ վատ ա, մի երկու հոգի տեսնում են, հետո ասում են` մահամերձ է, կմահանա, բոլորը հավաքվում են, որ փրկեն չեն կարողանում». «Երկիրը էսօր հիվանդության մեջ է: Միքայելյան Սասունը երբեք ինչ-որ բանից չի հուսահատվել ու այսօրվա իրավիճակից էլ չի հուսահատվում: Մեր կարգի քաղաքականության մեջ պիտի չոր քաղաքականություն չվարես, մի քիչ հոգի դնես, ես հոգի եմ դրել երկրի, բանակի կայացման մեջ եւ իրավունք չունեմ զերծ մնամ հետագա քաղաքական գործընթացներից» ,- ասաց Սասուն Միքայելյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am