Ռուսաստանյան «Ժամանակի էությունը» շարժման Ղրիմի կառույցը, որի հիմնադիրը Սերգեյ Կուրղինյանն է, դեկտեմբերի 21-ին Սիմֆերոպոլում Ստալինի լուսանկարների ցուցահանդես է կազմակերպել` նվիրված նրա ծննդյան 133-ամյակին: Ցուցահանդեսի վայր ժամանած Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիսի նեկայացուցիչները շրջել են ցուցապաստառները եւ վրան ֆաշիստական խորհրդանշան նկարել:
Մեջլիսի քարտուղարության ղեկավար Զաիր Սմեդլյաեւը կոչ է արել «հեռացնել այդ զառանցանքը» եւ անձամբ մի քանի ցուցատախտակներ է շուռ տվել: Ցուցահանդեսն արտոնված է եղել, եւ կարգուկանին հետեւել են ոստիկանության աշխատակիցները: Սակայն նրանք չեն միջամտել կատարվածին, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
«Լրագրողական հետաքննության կենտրոնը» ներկայացրել է Զաիր Սմեդլյաեւի հայտարարությունը. «Երբ ռուսական ինչ-որ «ձախ» կազմակերպություն անկախ պետության տարածքում 20-րդ դարի մենամեծ բռնապետերից մեկին է փորձում մեծարել, մենք չենք կարող անտարբեր մնալ: Ստալինի պատճառով խորհրդային տերությունը մի քնաի միլիոն մարդ է կորցրել: Նրա պատճառով զոհվել է Ղրիմի բնակչության գրեթե կեսը: Եւ երբ ինչ-որ մեկը ցինիկաբար նման ակցաներ է կազմակերպում, դա նշանակում է թքել մեր ժողովրդի երեսին»:











