Արեւմտյան Եվրոպայում ամենաբարձր երկնաքերը պատրաստ է բացման համար։ Ապակուց եւ պողպատից կառուցված «Բեկորը» խիստ փոխել է Լոնդոնի տեսքը։ Լրագրողներին ցույց չեն տվել շքեղ բնակարաններն, ուր շուտով կտեղափոխվեն միլիոնատերերը, բայց թույլ են տվել մտնել արտաքնոց, որտեղ պատուհանից հոյակապ տեսարան է բացվում։

Shard երկնաքերը պաշտոնապես իր դռները կբացի փետրվարին, սակայն թեժ վեճերի առարկա է դարձել շատ վաղուց։ Բազմաթիվ պահպանողական բրիտանացիներ բողոքել են, որ այդ «բեկորը» (այդպես է թարգմանվում երկնաքերի անունը) կառուցվել եւ այլանդակել է Լոնդոնի անփոխարինելի դեմքը։ Նախագծի ստեղծողներն ի պատասխան ասել են, որ փարիզցիները եւս սկզբում տանել չեն կարողացել էյֆելյան աշտարակը, նշում է ՆՏՎ-ն։

Shard-ն ապակուց եւ պողպատից է՝ 310 մետր բարձրությամբ։  Ստեղծողները հպարտությամբ այն անվանում են «ուղղահայց քաղաք», սակայն աշտարակը հեռվից նման է ասեղի կամ  գլխիվայր կանգնած վիթխարի սառցալեզվակի։  69-րդ հարկում կա դիտման հրապարակ, որտեղից Լոնդոնը կարծես ափի մեջ լինի։ Shard-ը Արեւմտյան Եվրոպայում համարում են ամենաբարձր շինությունը։ Նա զգալիորեն զիջում է Օսթանկինի աշտարակին եւ մոտ 30 մետր ավելի ցածր է «Մոսկվա Սիթի»-ում գտնվող «Մերկուրի» երկնաքերին։ Բայց երբեւէ բարձրությունների չձգտած Լոնդոնի կյանքում այսպիսի աշտարակն էլ շատ բան է փոխում։ Ասում են՝ լավ եղանակին այդտեղից երեւում է մոտ 60 կիլոմետր տարածք, այսինքն Լոնդոնի սահմաններից այն կողմ։ Բայց քանի որ Բրիտանիայի մայրաքաղաքը հայտնի է իր մառախուղներով՝ հնարավոր է եւ ընդհանրապես ոչինչ չտեսնել։  Հատուկ դրա համար այդտեղ տեղադրվել են գունային հեռադիտակներ։ Դրանց շնորհիվ կարելի է տեսնել ոչ միայն Լոնդոնի «կենդանի» տեսքը, այլ նաեւ քաղաքի տեսքը պարզ եղանակին, մայրամուտի ժամանակ եւ գիշերային քաղաքը, հաղորդում է NEWSru.com-ը։

Երկնաքերը ստեղծողների հպարտությունը թռչունի թռիչքի բարձրության վրա գտնվող արտաքնոցն է։ Սենյակի պատը ամբողջությամբ պատուհան է, որտեղից եւս երեւում է քաղաքի գրավիչ տեսքը։

Ըստ BBC-ի, տոմսերի բարձր գինը չի վախեցրել զբոսաշրջիկներին, որոնք ցանկանում են Լոնդոնը տեսնել Բրիտանիայի ամենաբարձր շինությունից՝ Shard աշտարակից, որը փետրվարի 1-ից կբացի իր դռները ցանկացողների առաջ։

Աշտարակի բացվելուց հետո առաջին երկու օրվա համար բոլոր տոմսերը վաճառվել են։ Տոմսի արժեքը մեծահասակների համար կազմել է 40 դոլար, իսկ երեխաների համար՝ 30 դոլար։

Բուրգաձեւ շինության մեջ այս ամառ կբացվեն գրասենյակներ, ռեստորաններ եւ 200 սենյակ ունեցող «Շանգրի-Լա» հյուրանոցը։Աշտարակում գտնվում են նաեւ 10 շքեղ տներ, որոնց գինը մոտավորապես կազմել է 50 մլն. ֆունտ (81 մլն. դոլար)։ Ապակե եւ պողպատյա հսկայի շինարարությունը ֆինանսավորել է Քաթարի Ազգային բանկը։ Քաթարի ներդրողներին է պատկանում Shard-ի 80 տոկոսը։