Հունվարի 16-ին լրանում է սառույց լցնող- հարթեցնող մեքենայի ստեղծող Ֆրենկ Զամբոնիի ծննդյան 112-ամյակը: Զամբոնիի այդ մեքենաները հոկեյի, գեղասահքի մրցույթների կարեւոր բաղադրամասն են: Օրվա առիթով Google-ը գլխավոր էջում նոր խաղ է տեղադրել:
Գեղասահորդների սահքից եւ հոկեյ խաղացողների խաղից հետո այդ մեքենայի օգնությամբ հարկավոր է կարգի բերել սահադաշտը: Արագության եւ մեքենան վարելու հմտության դիմաց խաղացողը միավորներ է վաստակում:
Ֆրենկ Զամբոնին ծնվել էր 1901թ. ԱՄՆ-ում` իտալացի ներգաղթյալների ընտանիքում:
1927թ. Լոս Անջելեսում Ֆրենկ եւ Լոուրենս եղբայրները սկսել են զբաղվել «սառցային» բիզնեսով. սառույցի բլոկներ են պատրաստել բանջարեղենի եւ մրգի առեւտրականների համար: 1939թ. եղբայրները վաճառել են բիզնեսը: 1940թ. հունվարին նրանք բացել են «Իսլանդիա» սահադաշտը. 30 х 60 մ մակերեսով սահադաշտը տեղավորում էր 800 սահորդների եւ ամենամեծն էր երկրում: Ֆրենկն ստեղծել եւ պատենտավորել է օրիգինալ մի կոնստրուկցիա, որը թույլ է տալիս միանգամայն հարթ սառույց ստանալ ընդհատակյա սառեցնող խողովակների միջոցով: ՍՍակայն սահադաշտի մակերեւույթը ձեռքով հարթեցնելը օրական ամենաքիչը մեկուկես ժամ էր խլում:
1942թ. գործընթացն արագացնելու համար Ֆրենկը գնել է Ford-Ferguson տրակտոր: Սկզբում այն նախատեսված է եղել միայն սառույցի հարթեցման համար, սակայն Ֆրենկն սկսել է փորձարկումներ կատարել այդ մեքենայով: 1948թ. ստեղծվել է Model A-ն, որը համատեղել է սառույցի մաքրման եւ նորը լցնելու գործողությունները, որը կատարվել է 10 րոպեում: 1949թ. գյուտարարը պատենտավորման հայտ է ներկայացրել, իսկ հաջորդ տարում հիմնադրել է ընտանեկան ընկերությունը` իր իսկ անունով՝ Frank J. Zamboni & Co:
Առաջին մեքենան (Model B) Զամբոնին ստեղծել է Փասադենայի սահադաշտի համար: Երկրորդն իր ելույթների համար գնել էր գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոնուհի, սառցի վրա բալետի աստղ եւ կինոդերասանուհի Սոնյա Հենին: Նրա թատերաշրջանը հիանալի գովազդ էր դարձել Ֆրենկ Զամբոնիի ընկերության մեքենաների համար: Հիմնադրման պահից ի վեր ընկերությունը վաճառել է 7000 մեքենա: Թեպետեւ նման մեքենաներ բազմաթիվ ընկերություններ են թողարկում, «Զամբոնի» անունը վաղուց հարազատ է դարձել մարզիկների եւ երկրպագուների շրջանում:











