Նյութաունի սպանդից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայտարարած բարեփոխումը, որն ուղղված էր զենքի շրջանառության վերահսկողության խստացմանը, ամերիկյան հանրությանը երկու խմբի է բաժանել:

Բարաք Օբամայի  մշակած  միջոցառումների փաթեթի հրապարակումից առաջ նրան ընդդիմադիր Հրաձիգների ազգային ասոցիացիայի ակտիվիստները տեսահոլովակ էին տարածել, որի գլխավոր հերոսները Սաշա եւ Միշել Օբամաներն էին:

 «Նախագահի դուստրերը մեր երեխաներից կարեւո՞ր են: Ինչո՞ւ է Օբաման դեմ դպրոցներում զինված պահպանության ուժեղացմանը, երբ նրա դուստրերը թիկնապահների մշտական հսկողության տակ են: Նրանց՝ զինված թիկնազոր, մեր եեխաներին՝ «զենքից ազատ գոտինե՞ր», - տեսահոլովակում հարցնում է կադրից դուրս ձայնը եւ Օբամային «երեսփոխան» անվանում:

Սպիտակ տան պատասխանը կոշտ է եղել. «Ամերիկացիների մեծամասնությունը համամիտ է մեզ հետ, որ նախագահի դուստրերը չպետք է քաղաքական պայքարի գործիք դառնան: Բայց այդքան հեռու գնալով երեխաների վրա բացահայտ հարձակվելը զզվելի է եւ վախկոտության նշան», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:

Տեսահոլովակը քննադատել են նույնիսկ Օբամայի քաղաքական հակառակորդները՝ հանրապետականները: Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին հայտնել է, որ քաղաքական վեճերին երեխաներին խառնելը «սոսկալի է», գրում է NEWSru.com-ը:

Հետաքրքիր է, որ Օբաման եւս իր դիրքորոշումը ներկայացնելիս փորձում էր ծրագիրն առաջ տանել  երեխաների օգնությամբ: Սպիտակ տուն էին հրավիրվել ցածր դասարանների մի քանի աշակերտներ: Երկու տղան եւ երկու աղջիկը այն երեխաներից էին, ովքեր Նյութաունի ողբերգությունից հետո նամակով դիմել էին նախագահին՝ խնդրելով դրա կրկնությունը թույլ չտալ ապագայում: