Ըստ վերջին տվյալների` Ալժիրի Ին Ամենաս գազային համալիրի տասներկու պատանդներ մեռած են համարվում: Այդ մասին հայտնել է Ալժիրի պաշտոնական  APS գործակալությունը: Զոհվածների ազգությունը չի հաղորդվում: 

Ավելի վաղ  APS-ը տեղեկություն էր տարածել, որ ավելի քան 600 պատանդներ, այդ թվում՝ 573 ալժիրցի եւ հարյուր արտասահմանցի,  ազատվել էին ալժիրյան զինվորականների հատուկ գործողության ընթացքում: Գործողությունը դեռեւս շարունակվում է համալիրի գազի վերամշակման  հատվածում, որտեղ տեղակայված են «Արյունով ստորագրողները» խմբավորման ահաբեկիչները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ զինված գրոհայինները շարունակում են իրենց մոտ պահել յոթ արտասահմանցի պատանդների` երեք բելգիացի, երկու ամերիկացի, ճապոնացի եւ բրիտանացի:

Ըստ առկա տեղեկատվության` ահաբեկիչների խումբը հունվարի 17-ի երեկոյան յոթ պատանդների հետ տեղափոխվել է գործարան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ահաբեկիչների ղեկավար Մոխթար Բելմոխթարը Ֆրանսիային եւ Ալժիրին առաջարկում է բանակցություններ սկսել Ազավադում Ֆրանսիայի կողմից իրականացվող պատերազմի դադարեցման շուրջ: Բացի դրանից, հանցագործները ցանկանում են ամերիկացի պատանդներին փոխանակել ԱՄՆ-ում ազատազրկված երկու ծայրահեղական իսլամիստների` Պակիստանի քաղաքացուհի Աաֆիա Սիդիկիի եւ «Կույր շեյխ» մականունով եգիպտացի Օմար Աբդել Ռահմանի հետ:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը ժխտել է իսլամիստական ծայրահեղականներին ազատելու հավանականությունը: «ԱՄՆ-ն բանակցություններ չի վարում ահաբեկիչների հետ», - հայտարարել է Նուլանդը: