Եվրոպայում մի քանի օր շարունակվող ձյունը հանգեցրել է ավտոպատահարների, կիլոմետրերով ձգվող խցանումների։ Հազարավոր մարդիկ մնացել են օդանավակայաններում։
Մեծ Բրիտանիայի հարավում ձյունը քիչ էր մնում տարերային աղետի վերածվեր։ Փողոցների մաքրման գործում ստիպված ներգրավվել են բանակային ստորաբաժանումները։
Ամենաբարդ իրավիճակը օդանավակայաններում է։ Տրանսպորտային կոլապսը չի հաջողվել կանխել։ Լոնդոնի «Հիթրոու»-ում 400-ից ավելի չվերթ չի կայացել։ Բրիստոլում ձնամաքրող տեխնիկան չի հասցնում մաքրել թռիչքուղին, ռեագենտների պաշարները սպառվում են։ Տերմինալներում հազարավոր ուղեւորների կուտակումներ են։
Լեհաստանում, չնայած ոստիկանության նախազգուշացումներին, բնակիչները չեն հրաժարվել սեփական փոխադրամիջոցներով երթեւեկելուց։ Արդյունքում վթարների թիվը մի քանի անգամ աճել է։ Ավտոմայրուղիներից մեկում միանգամից 30 ավտոմեքենաներ են բախվել։ Մոտ տասը մարդ տուժել է։
Կոսովոյում ձնակուտակումներ են, ձյուն մաքրող տեխնիկան չի բավականացնում, որոշ ուղղություններով երթեեկությունը դադարեցվել է, գրում է vesti.ru-ն։
Ավստրիայում եւս խնդիրներ կան։ Ձյունն ուղեկցվում է ուժգին քամու պոռթկումներով։ Հատուկ տեխնիկան ժամը մեկ մաքրում է ճանապարհները, բայց դա էլ չի օգնում։
Իշխանությունները երկրի արեւելյան հատվածի բնակչությանը ծայրահեղ զգուշության կոչ են անում։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Մոսկվայում սաստիկ ձյունը հսկայական խցանումների է հանգեցրել։











