Ղազախստանի Շըմքենդ քաղաքի պատանեկան տուն-ինտերնատի սաները մեղադրել են աշխատակիցներին անհարիր վարքի մեջ։ Ղազախական КТК հեռուստատեսությունը հայտնել է, որ երեխաները պնդում են, թե տուն-ինտերնատի ճաշարանում բազմիցս կազմակերպվել են երեկույթներ, որոնց ընթացքում աշխատակիցները ալկոհոլ են օգտագործել, իսկ պարելիս՝ մերկացել։ Հեռուստատեսությունը ցուցադրել է տեսանյութ, որում ներկայացված են կադրեր, որոնք ամենայն հավանականությամբ նկարել է ինտերնատի աշխատակիցներից մեկը։ Դրանցում ինտերնատի գինովցած կին պահակը մերկացած պարում է, իսկ մնացածը կողքից ծափ տալիս։

Ինտերնատի տնօրենի տեղակալ Զուխրա Նիշանովան ասել է, որ նկարահանումը կատարվել է ինտերնատի աշխատակիցների խնջույքի ժամանակ։ Խնջույքը կազմակերպվել է ի պատիվ նոր աշխատակցի աշխատանքի ընդունվելու։

Հեռուստատեսությունը հայտնում է, որ հենց Նիշանովան է տեսանյութը տրամադրել լրագրողներին, ինչից հետո զրկվել է աշխատանքից։ Աշխատանքից հեռացման պատճառում նշվել է, որ «Նիշանովան հեռացվել է անբարո վարք դրսեւորելու համար»։

Տուն-ինտերնատի տնօրեն Սարբինազ Սուլեյմանովան հավաստիացրել է, որ իր աշխատակիցների պահվածքի մասին ոչինչ չի իմացել։