Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովյան տարածաշրջանի Կոլոմյե քաղաքի բնակիչ Ալեքսեյ Գուցունյակը ձյան մեջ մերկ լինելով` ռեկորդ է սահմանել:

Հունվարի 25-ին Գուցուլյակը ձնակույտի մեջ մնացել է 1 ժամ 20 րոպե, եւ 20 րոպեով գերազանցել է ճապոնացու կողմից հաստատված նախկին ռեկորդը, հաղորդել է ՈւՆԻԱՆ-ը:

Գուցուլյակի խոսքով` երբ նա պառկում է ձնակույտի տակ, տիբեթյան վանականների նման պատկերացնում է` իբր ամառ է: Նա ավելացրել է, որ նման արդյունքի հասնել հնարավոր է միայն երկար պարապմունքներից հետո, որը կենսատու ուժ եւ առողջություն է տալիս:

Հաղորդվել է, որ Կոլոմյեում սահմանված ռեկորդը հավակնում է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել:

Ըստ «Ինտերֆաքսի», ամբողջ փորձը նկարահանվել է տեսախցիկներով: «Փորձողի» մոտ վայրկյանաչափ է եղել, բացի այդ նրա շուրջ բազմաթիվ հանդիսատեսներ են հավաքվել: Մեկ տարի առաջ Գուցուլյակն արդեն սահմանել էր այդպիսի ռեկորդ:Այն ժամանակ նա ձյան տակ մնացել էր 34 րոպե եւ չորս վայրկյան, որի համար հայտնվել է «Ուկրաինայի ռեկորդների գրքում»: