Դեռ հնագույն ժամանակներից մարդիկ փորձել են հմայիլներով, տարբեր ծեսերով  պայքարել չար ոգիների դեմ ...Թե ինչպես են հնագույն շրաջնում հմայիլները կիրառվել Հայաստանում, NEWS.am-ին պատմում է Հայաստանի պատմության թանգարանի աշխատակից , պատմական գիտությունների թեկնածու Աստղիկ Իսրայելյանը:

Հմայիլների գործածությունը շատ վաղ անցյալից է գալիս, քարե դարից: Երբ մարդիկ նկատել են, որ կա չար եւ բարի, փորձել են պաշտպանվել չարից:

Իսկ չարը շատ տաբեր ձեւով են պատկերացրել մարդիկ: Դա ե՛ւ չար աչքն է, ե՛ւ հիվանդությունները, ե՛ւ չար հոգիները: Ըստ որում հիվանդությունները պատկերացրել են չար ոգիների կերպարանքով: Նրանք պատկերացրել են նաեւ տարօրինակ, շատ վախենալու արարածներ:

Հետաքրքիր է նմանը նմանով բուժելու գաղափարը, որը առաջացել է մարդկանց մեջ: Օրինակ, հին ժամանակներում որոշակի հիվանդությունից պաշտպանվելու համար, պատրաստել են չար ոգու պատկերը քարից, կավից եւ այլ նյութերից, ինչպես որ իրենք են պատկերացրել, դրել են հիվանդի վրա, որպեսզի երբ չարը գա, տեսնի իր պատկերը, սարսափի ու փախչի ու հիվանդը լավանա:

Շատ նյութեր կան, որ համարվում են չար վանող: Օրինակ` ջուրը: Ջուրը դնում էին սենյակում եւ մտածում էին, որ երբ մեկը չար մտադրությամբ գալիս է տուն, ջուրը կլանում է այդ չարությունը, հետո օրվա վերջում այդ ջուրը թափում էին ու նորը լցնում:

Բացի ջրից երկաթն է համարվել չարին վանող: Երկաթը նաեւ ամպրոպի աստծու մետաղներից է եղել: Կացինը, երկաթե առարկաները նույնպես համարվել են մարդկանց պաշտպանելու նյութ, չար ոգիներին վանող: Նաեւ հացը, ցորենի հասկը, որոնք հյուսել են եւ պահել մինչեւ հաջորդ տարի, մինչեւ ծաղկազարդի օրը, հետո նորն են հյուսել:

Հմայիլները պաշտպանել են մարդկանց չարից: Կապույտ գույնը համարվում էր չարխափան: Դա երկնքի եւ ջրի հետ կապված մաքրագործող ուժով մարդկանց պաշտպանել է չար աչքից: Չար աչքը նրանով էր սարսափելի, որ չար աչքից մարդիկ եւ կենդանիները կարող էին հիվանդանալ, կենդանիները սատկել, ծառերը կոտրվել:

Դրա համար պաշտպանվում էին: Դրանցից էին հուլունքները, որոնք գալիս էին քարերի պաշտամունքից: Աչքի պատկերն անում էին հուլունքի վրա: Անում էին նաեւ շրջան ու մեջը կետ, որը արեւի խորհրդանիշն է: Արեւն էլ համարվում էր երկնքի աչքը, կամ որեւէ աստվածության աչքը եւ նորից աչքը պաշտպանվում էր աչքից: Այստեղ գործում է նմանով նմանից պաշտպանվելու գաղափարը:

Շատ քարեր ունեն մոգական նշանակություն: Օրինակ շափյուղա կրողը կարող է շատ գինի խմել ու չհարբել: Մարջանը հաջողություն է բերում: Ամեն քարի մեջ որեւէ նշանակություն են դրել: Սաթե հուլունքները նույնպես մոգական նշանակություն ունեն: Սաթը դեղին գույն ունի եւ այդ դեղին գույնը օգտագործում էին դեղնախտը բուժելու համար:

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում օգտագործել են խխունջներ, որոնք ծովից էին բերվել: Դա վկայում է այն մասին, որ կապեր են ունեցել ուրիշ երկրների հետ: Այդ խխունջները, սաթը օգտագործել են որպես հմայիլներ: 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբներին տարազների վրա խեցիներ են կարել, որպեսզի պաշտպանվեն չար աչքից:

Գորտի պաշտամունքը գալիս է շատ հին ժամանակներից: Գորտը համարվում էր բազմացման խորհրդանիշ, քանի որ շատ ձու է դնում: Ձվից դուրս եկած շերեփուկները նման չեն գորտի վերջնական կերպարանքին, դրա համար էլ գորտը նրանց մոգական է թվացել, քանի որ նրանք կերպարանափոխվել են:

Գորտը համարվել է մայրերին ու երեխաներին հովանավորող աստվածություն: Եթե մարդ գորտի դիակը աննկատ կպցնի մեկին` կսիրահարվի նրան: Գորտը չորացնում ու կապում էին խնոցուն, որպեսզի առատ կաթ լինի, ընդհանրապես առատություն, բարիք լինի:

Գորտաձեւ շատ զարդեր են պատրաստել մարդիկ, ճարմանդներ, գոտի-ճարմանդներ, որոնք կրում էին կանայք ամուսնանալուց հետո: Դա օգնում էր, որ երեխաներ ունենան: Բացի դրանից կային նաեւ գորտաձեւ ականջօղեր, հատկապես Վասպուրականում:

Մ. թ.ա. 2-րդ հազարամյակում կային նաեւ բրոնզե ապարանջաններ` գորտի պատկերով: Բրոնզե ապարանջան-գորտը նաեւ հարության խորհրդանիշ է, որովհետեւ երբ գարունը գալիս է, անձրեւներ, գորտերը կռկռում են եւ համարվում է, որ գորտը անմիջապես կապված է բնության զարթոնքի հետ:

Հայ հոգեւորականները նույնպես կրել են գորտաձեւ ճարմանդներով գոտիներ: Ճարմանդները խոշոր էին եւ դա ոչ թե ամենօրյա, այլ ծիսակատարությունների ժամանակ էին կրում եւ կրում էին բարձրաստիճան հոգեւորականները, միայն պատարագի ժամանակ:

Հնագույն ավանդույթ էր նաեւ տների կառուցման ժամանակ մետաղադրամների տեղադրումը պատերի մեջ: Համարվում էր, որ դա տանը լիություն ու առատություն է բերելու: Նույն նպատակով մետաղադրամներ էին նաեւ թաղում ծառերի արմատների մոտ:

Շատ կանացի զարդեր պատրաստվել են եռանկյունու ձեւով: Խնդիրն այն է, որ եռանկյունին խորհրդանշում է հենց կնոջը, եւ համարվում է, որ նման զարդերը ընտանիքին բարիք են բերում:

Զարդերի վրա հաճախ պատկերված է եղել նաեւ օձ, որը նույնպես մոգական ուժ է ունեցել: Օձի պատկերը հաճախ փորագրվել է նաեւ զենքերի վրա: