Բրազիլիայի Սանտա Մարիա քաղաքի գիշերային ակումբում 233 մարդու կյանք խլած ողբերգության առնչությամբ երկրում  հայտարարվել է եռօրյա համազգային սուգ: Ռիու Գրանդե դու Սուլ նահանգում սուգը կտեւի մեկ շաբաթ: Ավելի վաղ հետաձգվել էին կիրակի օրը նախատեսված տոնական միջոցառումները` նվիրված ֆուտբոլի աշխարհի կայանալիք առաջնությանը: 

Kiss գիշերային ակումբում խեղդվել կամ կոխկռտվել են 120 պատանիներ եւ 113 աղջիկներ: Մեծամասնությունը  16-23 տարեկան էին, նրանք այդ գիշեր մասնակցում էին ուսանողական երեկույթի:

Քաղաքի հիվանդանոցներում պայքարում են 93 մարդու կյանքի համար: Ծանր այրվածքներով 14 մարդ տեղափոխվել է  Սանտա Մարիայից 300 կմ հեռու գտնվող նահանգի մայրաքաղաք Պորտու Ալեգրի, հաղորդում է ՆՏՎ-ն:

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն, իմանալով  միջադեպի մասին, վճռել է ընդհատել Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում ԵՄ-ի եւ Հարավային Ամերիկայի երկրների գագաթաժողովին իր մասնակցությունը եւ հայրենիք վերադառնալ, հայտնում է rbc-ն:

Կատարվածում մեղադրում են երեկույթի կազմակերպիչներին. Կրակմարիչը, որով ցանկացել են հանգցնել դեռեւս թույլ բոցը, չի աշխատել, միակ ելքն արգելափակել են պահակները, իսկ ակումբի արտոնագիրն էլ լրացել էր 2012թ. օգոստոսին: