Նույնասեռական ամուսնությունների հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Փարիզի փողոցներ` Ֆրանսիայի նախագահ Օլանդի բարեփոխումներին աջակցելու նպատակով:

Այս տարվա ամռանը Ֆրանսիայում նախատեսվում է օրինականացնել նույնասեռական միությունները եւ նրանց երեխաներ որդեգրելու հնարավորություն  ընձեռել: Ներկայումս Ֆրանսիայում արդեն թույլատրել են նույնասեռական զույգերի քաղաքացիական ամուսնությունները, հայտնում է utro.ru-ն:

«Հավասար իրավունքներ» ընդհանուր կոչի ներքո  բողոքողները օրվա երկրորդ կեսին պատրաստվում են ցույցի Ֆրանսիայի մայրաքաղաքի 14-րդ թաղամասում, հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին:

Ըստ ոստիկանության` երթին մասնակցել են 125 հազար ցուցարար: Միաժամանակ, lenta.ru-ն, վկայակոչելով AP-ին, նշում է, որ հունվարի սկզբում  նման բողոքի ցույցի մասնակցել էր շուրջ 340 հազար մարդ:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Փարիզում տեղի էր ունեցել բազմահազարանոց ցույց` ընդդեմ  Օլանդի բարեփոխումների: Բողոքի ցույցին աջակցել էին կաթոլիկ եկեղեցին եւ մի քանի աջ կուսակցություններ: