Բաքվի ոստիկանությունը քաղաքի կենտրոնի խաղաղ ցույցը դաժանաբար ցրելուց հետո սկսել է արցունքաբեր գազով թունավորել լրագրողներին, այդ թվում` կառավարամետ լրատվամիջոցների:

Ըստ contact.az-ի,  ոստիկանությունն անգամ ցույցը ցրելուց հետո չի հանդարտվել: Ավտոբուսում, որտեղ 30 մարդ է գտնվել, այդ թվում` կառավարամետ լրատվամիջոցների աշխատակիցներ, արցունքաբեր գազ են տարածել: Ավտոբուսի պատուհաններն էլ փակ են պահել: Վարորդին հրահանգել են արագ ընթանալ, սակայն թունավորման հետեւանքով նա վատ է զգացել եւ բախվել արտասահմանյան մեքենայի:

Ընդհանուր առմամբ, շաբաթ օրը Բաքվում կայացած Իսմայիլի շրջանի բնակիչներին աջակցող հանրահավաքում մոտ 80 մարդ է ձերբակալվել:

Ձերբակալվածների շարքում են հայտնի լրագրողներ եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստներ: Սկզբում նրանց բերել են Խաթայի շրջանի ոստիկանության 37-րդ բաժանմունք, որտեղ պահել են  չորս ժամ: Ձերբակալվածների մի մասին ավելի ուշ բաց են թողել, սակայն  հայտնի ակտիվիստների նկատմամբ  կիրառվել էին խիստ պատժամիջոցներ: Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահի տեղակալին մեղադրել են ցույցի կազմակերպման մեջ եւ տուգանել 2000 մանաթով (2500 դոլար): Լրագրողուհի Խադիջա Իսմայլովային տուգանել են 400 մանաթով, հայտնի բլոգեր  Էմին Միլլին 15 օրով բանտարկել են: 

«Euronews» հեռուստաալիքը ցուցադրել է Բաքվի կենտրոնում խաղաղ ցույցը դաժանորեն ցրելու կադրեր: «Շաբաթ օրը Բաքվի կենտրոնում տեղի է ունեցել  Իսմայիլ քաղաքի բնակիչների աջակցության հանրահավաք: Ձերբակալվել է 30 մարդ: Հունվարի 24-ի գիշերը Իսմայիլում  երկու հազար մարդու մասնակցությամբ անկարգությունխռովություններ էին տեղի ունեցել: Ամբոխը այրել էր «Չիրագ» հյուրանոցը եւ  բակում կայանած մեքենաները: Խռովության պատճառների վերաբերյալ լուրերն իրարամերժ են: Ըստ վարկածներից մեկի`տեղի բնակիչները զայրացել էին  իրենց հասցեին շրջանի ղեկավար Նիզամ Ալեքփերովի զարմիկ եւ աշխատանքի նախարար Ֆիզուլի Ալեքփերովի որդի Վուգար Ալեքփերովի վիրավորական արտահայտություններից: Հաղորդվում է, որ ավերված հյուրանոցը պատկանում է նախարարին, իսկ այրված Hummer մեքենան` նրա որդուն», - նշվում է  հեռուստաալիքի ռեպորտաժում: