Մելբուռնի ձկնորսները ավստրալական նորությունների հերոսներ են դարձել այն բանից հետո, երբ նկարահանել են հսկայական սպիտակ շնաձկանը, որը հայտնի է նաեւ որպես «մարդակեր շնաձուկ»:
Էնդրյու եւ Բեն Դոնեգան եղբայրները եւ նրանց ընկեր Ջոել Ռայանը դեմ առ դեմ հանդիպել են 5-մետրանոց սպիտակ շնաձկանը Փորթլանդ քաղաքի Քեյփ Նելսոն նավահանգստի մոտ:
Նրանց խոսքով` շնաձուկն սկսել է պտտվել իրենց նավակի շուրջ այնպես մոտիկ, որ կարելի էր ձեռքը մեկնել ու դիպչել նրան: Այդ պայմաններում ընկերները որոշել են խելահեղ քայլի գնալ` նկարահանել գիշատիչին, տեսախցիկն ընկղմելով ջրի տակ: «Ամեն անգամ, երբ ես փորձում էի ընկղմել տեսախցիկը, շնաձուկը կարող էր կծել ձեռքս, բայց, փառք Աստծո, ես անվնաս եմ»,-պատմել է Էնդրյու Դոնեգանը, հաղորդում է NEWSru.com-ը:
Նկարահանելով շնաձկանը, ձկնորսները որոշել են այլեւս ռիսկի չգնալ, հաշվի առնելով, որ շնաձուկը ատամներով փորձել է վնասել նավակի շարժիչը: Վախենալով, որ շարժիչը կարող է փչանալ կամ շնաձուկը կարող է իր մարմնով շրջել նավակը, նրանք ուղեւորվել են դեպի ափ:











