Ոստիկանությունը եւ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող 1-02 հաղորդաշարը ոչ միայն խախտել են քաղաքացի Վոլոդյա Գալստյանի անմեղության կանխավարկածը, այլեւ հրապարակել նախաքննության գաղտնիք պարունակող նյութեր: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վոլոդյա Գալստյանի պաշտպան, փաստաբան Սուրեն Մնացականյանը:

Նրանք այսօր նամակ են ուղարկելու Հայաստանի ոստիկանապետին, գլխավոր դատախազին՝ քաղաքացու խախտված իրավունքների վերաբերյալ, ինչպես նաեւ դիմելու են Հանրային հեռուստաընկերությանը՝ հերքում հրապարակելու  պահանջով,  եւ եթե խնդրանքը չկատարվի, ապա պատրաստվում եւ դիմել դատարան՝ վիրավորանքի եւ զրպարատության  հոդվածով: Դիտավարություն է սա, թե` անփութություն,  փաստաբանները չեն շտապում հայտարարել, շեշտելով, որ ամեն ինչ պարզ կլինի պատասխան նամակն ստանալուց հետո:

Սուրեն Մնացականյանը պատմեց, որ հունվարի 24-ին Հանրային հեռուստատեսությամբ 1-02 հաղորդաշարը ներկայացրել է մի «պատմություն» իր պաշտպանյալի՝ Վոլոդյա Գալստյանի մասին: Բանն այն է, որ խարդախության հոդվածով հարուցված քրեական գործը դեռեւս գտնվում էր նախաքննության փուլում, սակայն վարույթն  իրականացնող մարմինը ոտնահարել է գաղտնիության սկզբունքը, անմեղության կանխավարկածը եւ նրան ներկայացրել որպես հանցագործ:

Փաստաբանը պատմեց, որ հունվարի 16-ին, երբ դեռ իր պաշտպանյալը որեւէ կարգավիճակ չի ունեցել, նրան հրավիրել են ոստիկանության Սիսիանի բաժին, գաղտնի՝ առանց վերջինիս գիտության եւ համաձայնության,  նկարահանել Վոլոդյա Գալստյանին, այնուհետեւ հայտարարել, թե նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ,նշել, թե խարդախություն է կատարել եւ հրապարակել նախաքննություն գաղտնիք կազմող քրեական գործում առկա ողջ տեղեկությունները:

Սուրեն Մնացականյանը շեշտեց, որ իր պաշտպանյալը ոստիկանության աշխատակիցների հրավերով ինքնակամ է ներկայացել ոստիկանության բաժին, տասը ժամ ապօրինի մնալով անազատության մեջ, ոչ մի կերպ չի ստացել իր հարցի պատասխանը, թե ինչու է հրավիրված ոտսիկանության բաժին եւ ինչ հիմքերով:

Այնուհետեւ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, որի պատճառով Վոլոդյա Գալստյանին տեղափոխել են հիվանդանոց եւ ցուցաբերել բժշկական օգնություն, որից հետո  նա առանց բացատրություն ստանալու ազատ է արձակվել եւ գնացել իր տուն: Հաջորդ օրը ոստիկանության հրավերի հիման վրա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, որտեղ ձերբակալվել է: Վոլոդյա Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել է կալանավորումը հունվարի 21-ին, մինչդեռ  նկարահանումները կատարվել են հունվարի 16, 17-ին:

«Մեղադրանքն անհիմն է, չկան ուղղակի կամ անուղղակի ապացույցներ, որոնք կվկայեն իմ պաշտպանյալի առնչությունը գործին: Վոլոդյան իրեն մեղավոր չի ճանաչել եւ մենք պայքարում ենք արդարության համար, իսկ կատարվածի համար տուժում են իմ պաշտպանյալը, նրա ընտանիքի անդամները,  անգամ հարեւաններն են նայում նրան հանցագործ ընտանիքի աչքերով եւ խուսափում նրանց հետ շփումից»,- ասաց փաստաբանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Վոլոդյան ընտանիքի միակ կերակրողն է, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա:

Մանրամասները՝ տեսանյութում: