Այսօր` հունվարի 31-ին, մի խումբ քաղաքական ակտիվիստներ հավաքվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի առջեւ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդներից պահանջելով հեռանալ Հայաստանից եւ չաջակցել ընտրակեղծարարներին: Նրանց ձեռքին կան հայերեն եւ անգլերեն պաստառներ, որոնց վրա գրված են. «Սա մեր երկիրն է», «Մի սատարեք ընտրակեղծարարներին», «Հեռացեք» (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սարո Սարոյանը, այս պահանջն ուղղված է ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլ նաեւ մյուս բոլոր դիտորդական առաքելություններին: «Պահանջում ենք, որպեսզի դադարեցնեն սատարել ընտրակեղծարարներին, իսկ մենք գիտենք, որ կեղծարարն առաջին հերթին ԿԸՀ-ն է, որն ընտրություններից հետո հրապարակում է ռեժիմին ձեռնտու կանխորոշված արդյունքները: Այդ իմաստով միջազգային դիտորդները մասնակից չեն դառնում այդ ընտրակեղծարարությանը»:,-ասաց քաղաքագետը:

Հարցին, թե ինչ կտա միջազգային դիտորդների հեռացումը Հայաստանին եւ շարքային ընտրողին, նա պատասխանեց. «Դա ցույց կտա, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են եւ միջազգային հանրությունը կընդունի հայ հանրության մեծամասնության կարծիքը, ցույց կտա իր համերաշխությունը հայ ընտրողի հետ»: Բացի այդ, ըստ քաղաքագետի, հասարակությունն ինքը կփորձի լուծումներ գտնել անելանելի թվացող իրավիճակից դուրս գալու համար:

«Դիտորդներն, ըստ էության, չեն կարող չտեսնել մեր պահանջը: Մնացածը կախված է իրենց դիրքորոշումից»,-ասաց նա:

Նշենք, որ կես ժամից ավելի տեւած ակցիայի ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունից ոչ ոք դուրս չեկավ եւ չհանդիպեց հավաքվածների հետ: Ընդամենը մի քանի եվրոպացիներ հեռախոսներով նկարահանում էին ակցիան:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am