Մեքսիկայի պետական նավթային Pemex ընկերության շենքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի: Այդ մասին հայտնել է լատինաամերիկյան երկրի ՆԳՆ-ի ղեկավար Միգել Անխել Օսորիո Չոնգը: Նախապես հաղորդվել էր 15 զոհերի մասին:

Զոհերի թվում 17  կին եւ 8 տղամարդ կա: Տուժածների թիվը, ըստ նախարարի, 101 է: Հիվանդանոցներում շարունակում է մնալ 46 վիրավոր, մնացածներին արդեն օգնություն է ցուցաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Օսորիո Չոնգը նաեւ վստահեցրել է, որ շենքում մնացած մարդկանց փրկելու աշխատանքները կշարունակվեն մինչեւ բոլորին գտնելը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի երեկոյան փրկարարական աշխատանքները դադարեցվել էին շենքի փլուզման սպառնալիքի պատճառով: