Կենտրոնական Չինաստանում ճայթռուկներով բեռնատարի պայթյունի զոհերի թիվը կազմել է 9 մարդ, եւս 13-ը վիրավորվել է: Այսպիսին են «Սինհուա» գործակալության հետաքննության արդյունքները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 26 զոհերի մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կենտրոնական Չինաստանում ճայթռուկներով բեռնատարի պայթյունից հետո փլուզված կամրջից նվազագույնը տասը բեռնատար է ընկել:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ին տեղական ժամանակով ժամը  8.52-ին Հենան նահանգի Լյանհո մայրուղում: Հրավառության նյութեր  տեղափոխող բեռնատարը Իչան գետի վրայի կամրջի վրա պայթել էր անհայտ պատճառներով: Կամրջի ընդհանուր երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 30մ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»

Վթարի վայրի լուսանկարներում երեւում են կամրջից վայր ընկած բեռնատարները: Դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական 11 մարտական հաշվարկ: 

Կամուրջը Չինաստանի ու Ղազախստանի սահմանից մինչեւ Դեղին ծով ձգվող  G30 4400 կմ-անոց մայրուղու մի հատվածն էր: Այդ մայրուղին ամենաերկարն է Չինաստանում: 

Այս օրերին չինացիները պատրաստվում են լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարությանը, որը տեղի կունենա փետրվարի 10-ին, այդ պատճառով էլ ներկայումս ճանապարհներին երթեւեկությունը շատ ծսնրաբեռնված է: Լուսնային օրացույցի Նոր տարվա տոնակատարության պարտադիր բաղկացուցիչ է հրավառությունը: