Հիլարի Քլինթոնը պաշտոնապես լքել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը` այն թողնելով Ջոն Քերիին: «Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Ձեր աշխատակազմում եւ ներկայացնել մեր երկիրն աշխարհում: Ես առավել քան երբեք վստահ եմ ԱՄՆ-ի գլոբալ առաջատարության եւ աշխարհում բարության ուժ դառնալու մեր ունակության հարցում», - ասված է Քլինթոնի՝ նախագահ Բարաք Օբամային հասցեագրված նամակում:
Պետքարտուղարի պաշտոնում Քլինթոնի վերջին օրը մթագնել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը, որը խլել էր թուրք հսկիչի կյանքը: «Մենք ապրում ենք շատ բարդ եւ վտանգավոր ժամանակներում: Ես գիտեմ, որ XXI դարում աշխարհին բազմաթիվ դժվար օրեր են սպասվում: Սակայն այսօր ես ավելի լավատեսորեն եմ տրամադրված, քան չորս տարի առաջ», - ասել է Քլինթոնը պետդեպարտամենտի աշխատակիցներին, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:
Նա գործընկերներին խոստովանել է, որ շատ կկարոտի նրանց՝ ընդգծելով, որ վստահ է` իր հաջորդը լավ պետքարտուղար կլինի: Պետդեպարտամենտի աշխատակիցները Քլինթոնի ճառի ժամանակ ցուցադրել են «Շնորհակալություն» մակագրությամբ մեծ պաստառ: Պետքարտուղարի լիազորությունները մամուլի եւ հասարակայնության համար փակ արարողության ժամանակփոխանցվել են Քերիին:











