Դատավարության ընթացքում վատ դաստիարակության դրսեւորումը տխուր ավարտ է ունեցել Մայամիի 18-ամյա բնակչի համար, որը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի պահման համար: Բացի այդ, դատարանն ավելացրել է նախկինում սահմանված տուգանքի չափը:
Դատարանի դահլիճում եւ մեկուսարանում, որտեղ գտնվում էր մեղադրյալ Պենելոպե Սոտոն, հսկող տեսախցիկները գրանցել են կատարվածը: Ամբողջ ընթացքում աղջիկն իրեն սանձարձակ է պահել: Դատավոր Խորխե Ռոդրիգես Չոմետը հարցրել է Պենելոպեին՝ որքան արժեն նրա զարդերը: «Քսանաքս» ցավազրկողի ապօրինի պահպանման համար դատվող աղջիկը պատասխանել է՝ «թանկ»: Այնուհետեւ նա ժպտացել է եւ ուղղել մազերը: Դատավորին այդ շարժումը դուր չի եկել:
Ռոդրիգես Չոմետը նրան հինգ հազար դոլարի տուգանք է նշանակել եւ հրաժեշտ տվել: «Ադիոս»՝ժպտալով պատասխանել է աղջիկը: Բարկացած դատավորն ամերիկուհուց նորից պահանջել է մոտենալ տեսախցիկի օբյեկտիվին, հայտնում է dni.ru-ն:
Դրանից հետո դատավորն առանց երկմտելու կրկնակի ավելացրել է մեղադրյալի տուգանքը: Դա Պենելոպեին վերջնականապես հանել է հոգեկան հավասարակշռությունից, եւ նա ճակատագրական սխալ է թույլ տվել՝ դատավորին անպարկեշտ ժեստ է ցույց տվել: Ի պատասխան վերջինս նորից հետ է կանչել աղջկան եւ դատապարտել 30 օրվա բանտարկության:
Հաջորդ օրը Պենելոպե Սոտոյի փաստաբանին հաջողվել է նվազեցնել իր պաշտպանյալի տուգանքը, սակայն առաջիկա ամիսը նա ստիպված անցկացնելու է ճաղերի հետեւում:











