Չելյաբինսկի մարզում երկնաքարի ընկնելու հետեւանքով տուժածների թիվը հասել է 150-ի, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ոստիկանները տիեզերական մարմնի բեկորների անկման վայրերը պարզելու աշխատանք են իրականացնում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ռոսբալտը» հայտնում է, որ երկնաքարային անձրեւի հետեւանքների եւ դրանց վերացման աշխատանքների դիտարկմանը միացել է ավելի քան 20 հազար մարդ եւ երեք օդանավ: Օդային հետախուզում է անցկացվում: Լրացուցիչ ավիացիան բարձր պատրաստականության վիճակի է բերվել:

Dni.ru-ն գրում է, որ, ծանր վնասվածքներ ոչ ոք չունի: Նաեւ հաղորդվում է, որ եւս երկու բեկոր կարող են ընկնել:

Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ն հայտնել էր երկնաքարի անկումից առաջացած ալիքի հետեւանքով ցինկի գործարանի տանիքի փլուզման մասին:

Նախնական գնահատականով՝ Ուրալի տարածքում երկնաքար է ընկել, որը մասնակի այրվել էր մթնոլորտի ստորին շերտերում: ՆԳՆ տվյալով՝ երկնաքարը Սատկա քաղաքից 80 կմ հեռավորության վրա էր ընկել: Քաղաքի, ինչպես եւ  Չելյաբինսկի շատ տների պատուհանների ապակիները փշրվել էին: Երկնային մարմինն  արդեն գտնվել է: