Մեքսիկական ծոցում արդեն հինգ օր անշարժացած Carnival Triumph զբոսանավը վերջապես քարշակելով հասցրել են ափ:
3143 ուղեւորներով եւ անձնակազմի 1086 անդամներով նավն այժմ գտնվում է Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքի նավահանգստում:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ զբոսանավի ուղեւորները իջել են ափ: Նավահանգստի մոտ բազմաթիվ տաքսիներ, ավտոբուսներ եւ շտապօգնության մեքենաներ են հերթապահել:
Հիշեցնենք, փետրվարի 10-ին այրվել էին նավի շարժիչները, տարբեր համակարգեր խափանվել էին, չէին աշխատում վերելակները, կոյուղատարը չէր գործում: Նավում հակասանիտարական վիճակ էր, չէր բավականացնում սնունդը:
Carnival Corp. ընկերությունը խոստացել է վերադարձնել տոմսերի գումարը, եւս մեկ ուղեւորություն նվիրել, 500 դոլար կանխիկ գումար տալ եւ վճարել տրանսպորտային բոլոր ծախսերը: Ընկերության ղեկավարությունը հրապարակավ ներողություն է խնդրել ձախողված արձակուրդի համար, գրում է lenta.ru-ն:
Այնուամենայնիվ, շատ ուղեւորներ արդեն հայտարարել են, որ դա բավական չէ, եւ իրենք դատարան են դիմելու առավել նշանակալի փոխհատուցում ստանալու համար:











