«#метеорит» հեշթեգը  փետրվարի 15-ին հայտնվել է միկրոբլոգների Twitter ծառայության համաշխարհային թրենդներում:

Բացի այդ, ժամը  11:35-ի դրությամբ Twitter-ի առավել քննարկվող թեմաներից է եղել  «#RussianMeteor»-ը (երկրորդ հորիզոնական), «Urales», «Chelyabinsk» եւ «Урале»-ն (համապատասխանաբար 6, 7 եւ 8-րդ  հորիզոնական): Երկնաքարերին առնչվող եւս մի քանի թեմաներ Twitter-ի ռուսական թրենդներում առաջատար դիրքեր են գրավել:

 Որոնման Google համակարգն էլ իր այսօրվա doodle-ը նվիրել է երկնաքարերի թեմային: Խոսքը ոչ թե Չելյաբինսկի երկնաքարի մասին է, այլ 2012 DA14 աստերոիդի, որն այս գիշեր կմոտենա Երկրին, գրում է lenta.ru-ն:

RBC-ն ականատեսներին վկայակոչելով հայտնում է, որ Չելյաբինսկում երկնաքարի անկումից հետո լուրջ իրարանցում է սկսվել: «Բոլորը սկսել են հարազատներին զանգահարել, բայց բջջային կապը կորած է եղել, միայն քաղաքային հեռախոսակապով է հաջողվել կապ հաստատել,- նշել է ականատեսը:- Վարկած կար, որ ՀՕՊ-ը ինչ-որ բան է կործանել,  ինքնաթիռ կամ տիեզերանավ է այրվում»:

Գիտնականները հաշվել են, որ Ուրալում ընկած երկնաքարի զանգվածը կարող էր տասնյակ տոննաների հասնել: Միաժամանակ վեճ է սկսվել Չելյաբինսկի մարզի Սատկա քաղաքի մոտ ընկած բեկորի զանգվածի շուրջ: Որոշ տվյալներով՝ այն չի գերազանցել 1 կգ-ը: Այլ վարկածով՝ բեկոր չի էլ եղել, երկնաքարն ամբողջությամբ այրվել է: