Փետրվարի 22-ին լրանում է ամերիկացի գեղանկարիչ-պատկերազարդող եւ գրող՝ սարսափելի այբբենարանի հեղինակ Էդվարդ Գորիի 88-ամյակը: Google-ն այդ առթիվ իր տարբերանշանի տառերը պատկերել է Էդվարդ Գորիին բնորոշ գոթական պատկերազարդումների ոճով:
Գորին 100-ից ավելի գրքեր է գրել ու պատկերազարդել՝ պատկերելով դժբախտ երեխաների, խորհրդավոր էակների եւ չարագործ մեծահասակների:
Գրողի ամենահայտնի գրքերից է սարսափելի այբբենարանն այն երեխաների մասին, որոնց հետ տարբեր անհավանական դեպքեր են տեղի ունեցել. նրանց կերել են տզրուկները, տրորել գորգերը, ցած նետել բարձրությունից եւ այլն: Գորին ստեղծել է նաեւ իր այբբենարանին համապատասխան մռայլ պատկերազարդումներ՝ սեւ հումորի սիրահարների եւ ամուր նյարդեր ունեցողների համար:
Գորին մահացել է 2000թ.՝ թողնելով իր ֆանտաստիկ աշխարհի մի կտորը, կատվին եւ տունը, որտեղ ստեղծվել է նրա արտասովոր արվեստի թանգարանը:











