Այն, ինչ հիմա  տեսնում եմ, կանխատեսելի էր ընտրություններից առաջ: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: 

Նա նշեց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դեռեւս ընտրություններից առաջ քաղաքական դաշտում հայտնվում են երկու թեկնածու, որոնք հայտարարում են, թե միեւնույն է՝ ընտրություները կեղծ են, կեղծվելու են, եւ այդպես նախօրոք ստեղծվում է ֆոն, որ հետո խաղալու բան լինի: Նրա կարծիքով՝ սա որոշակի տեխնոլոգիա է՝ միգուցե ուղղորդված, միգուցե ինքնաբուխ:

Արմեն Մազմանյանի կարծիքով՝ կա նաեւ ակնհայտ փորձ՝  նսեմացնելու ընտրություն ասվածը, երբ հայտնվեց էպոսագետը եւ եւս դարձավ թեկնածու: « Այդտեղ պարզ դարձավ, որ նախագահի ընտրությանը եւ ժեկի պետի ընտրության մեջ տարբերություն չկա, այսինքն՝ մարդը կարող է  ունենալ կապիտալ՝  երեք մեքենայի տեսքով ու դառնալ նախագահի թեկնածու, սա էլ խնդիր ուներ ամբողջին տալ զավեշտալի, անլուրջ վիճակ»,- նշեց ռեկտորը: Նա շեշտեց, որ Էպոսագետը հանրության ուշադրությունը շեղում էր լուրջ խնդիրներից՝  իր մեքենաներով, շեռլոկհոլմսյան հայտնագործություններով, հետաքրքիր եւ ծիծաղելի, արդյունքում նոր էպոս է գրել:

Այնուհետեւ, նրա խոսքով, Պարույր Հայրիկյանի  միջոցով փորձեցին «դեստաբիլացնել» վիճակը, որպեսզի հետաձգեն ընտրությունները 14 oրով, բայց նա վերջին վայրկյանին չուզեց լինել ինչ-որ խաղի փոքր դերակատար եւ հրաժարվեց հետաձգելուց:

Արման Մազմանյանը նշեց, որ հանձնաժողովներում բազմաթիվ ընդդիմադիր ներկայացուցիչներ կային, այս անգամ դրսից մի քանի անգամ շատ «տղա» էին հրավիրել՝ դիտորդներ: Նա տարակուսանք հայտնեց, թե ինչպես եղավ ամեն ինչ ավարտվեց, նոր միայն խոսում են կեղծիքների մասին, ռեկտորը հարցնում է, թե այդ դեպքում ինչու են ստորագրել արձանագրությունները, միթեւ բոլոր հանձնաժողովներում ճնշել են անդամներին, ներկայացուցիչներին, դիտորդներին:   «Բա գցել են, ինչի՞ եք ստորագրել ակտերը, ի՞նչ է ձեր բոլոր հանձնախմբի անդամներին, էն չորս կուսակցությունների ներկայացուցիչներին բոլորին առել են, վախեցրել են, ճնշել են»,- նշեց Մազմանյանը:

Նրա խոսքով՝ շատ սովորական բան է եղել, պարզապես ընդդիմությունը չի կարողացել միանալ, սեփական ամբիացիներից ելնելով ոչ մեկին չհայտարարեց համար մեկ, այդպես էլ տարանջատված, իրար ձեռից ձայներ տարած մնաց, ժողովրդի մեջ ծնվեց դեպրեսիա, իսկ  Սերժ Սարգսյանը օբյեկտիվորեն ունի իր անհրաժեշտ քանակը:

«Էն խեղճ Սերժ Թանկյանին սարերից էն կողմ համոզել են, որ թուրդ վերցրու արի, մեզ ստեղ մորթում են, գոնե դուք Փարիզում կանգնեք, որ մեզ ստեղ չնստացնեն, դուք սա համարում եք քաղաքական ազնիվ տեխնոլոգիա՞»,- նշեց ռեկտորը:

Նա նաեւ շեշտեց, որ նույն ընդդիմադիր ուժերը ոչ արդար ընտրություն էին ուզում, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրվելը, եւ եթե ցանկանում էին, թող միանային «Ժառանգության» ներկայացուցչին մինչ ընտրությունները, ոչ թե հիմա. «Մինչեւ վերջ մնացել եք ղրաղ, թողել եք բարձիթող, հենց տեսնում եք՝ աժիոտաժ կա,  ժողովրդին փողոց գցելու, ռասկռուտկի տեղ կա, ակտիվանում եք, կանգնում եք Րաֆֆի Հովհաննիսյանը կողքը, երկու օր առաջ կանգնեիք»,- ասաց նա՝ շեշտելով, թե եթե իշխանափոխություն են ուզում, թող սկսեն ներքեւներից՝  թաղապետարաններից, ավագանիներից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am